Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դադարեցնել այդ խաղը, բայց աջակցություն չգտան և վերջ ի վերջո իրենք էլ գնացին ու ստացան սուրբ հոգին։

Ամբողջ մի ամիս ողջ քաղաքը միայն սուրբ հոգու մասին էր խոսում։ Կային բողոքական կլասիկ կեղծավորներ, որոնք դադարեցին սուրբ հոգի չառնողների հետ հարաբերություն անելուց։ Սուրբ հոգի չառնողներին չէին բարևում։

Ծայր առան ամուսնալուծումներ, ընտանեկան ամեն կարգի անհամություններ, բաժանումներ, (ծնողները սուրբ հոգին առնում էին, հանկարծ որդիներն ու աղջիկները դիմադրում էին առնել, որդիներն ու աղջիկները առնում էին, ծնողները չէին առնում, եղբայրներն առնում էին, քույրերը չէին առնում, ամուսինն առնում էր, կինը չէր առնում, կամ ընդհակառակը)։

— Վաղը կերթաս ու կառնես, հընկ-մընկ չընես,— պատվիրում էր սուրբ հոգի առած ամուսինը։

Սկսվում էր վեճը, և սուրբ հոգի առնող ամուսինը կամ եղբայրը, հանուն սուրբ հոգու, քաշում էր փայտը կամ ոտնամանի մեկը և սկսում էր ծեծել սուրբ հոգուն դիմադրող կնոջը կամ քրոջը։

Նրանք, որոնք սկզբներում, սուրբ հոգի առնողների վրա էին ծիծաղում, իրենք էլ ստացան և սկսեցին չառնողների վրա ծիծաղել։

Սուրբ հոգի առնողներն այլևս խանութ չէին բաց անում՝ առևտուրով զբաղվելու համար, մինչև անգամ պարզ, անմեղ արհեստով զբաղվելը մեղք էին համարում։ Այսպիսով, բավական խանութներ փակ էին։

Հանկարծ մի առավոտ մի խանութ (որ մինչև այդ բաց էր) չէր բացվում։ Այլևս պարզ էր՝ խանութի տերը առել էր սուրբ հոգին։

Կողքի խանութպանները, տեսնելով, որ խանութը չբացվեց, ասում էին իրար.

— Իշու ձագը սուրբ հոգին առավ...

— Առավ ու առավ...

Սուրբ հոգու կոմեդիան այնքան ընդհանրացավ, որ մի բողոքական ուրիշ բողոքականի դռնից անցնելիս՝ թխկացնում էր լուսամուտը և հարցնում.