Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մանուկ փեսան ամիջապես ընդհատում էր, որովհետև հորաքրոջս սկսած տոնից նա գիտեր, թե ինչ պետք է ասի.

— Խոսքդ շեքերով կըտրիմ. մի խոսա...

Եվ հորաքույրս լռում էր, չէր էլ կարող չլռել, որովհետև Մանուկ փեսան կարող էր շատ «վրան բաց» սրախոսություն անել։ Հորաքրոջս լռելուց հետո՝ Մանուկ փեսան սկսում էր զբաղվել մեզմով՝ մանուկներով։

Մենք Մանուկ փեսային շատ էինք սիրում, որովհետև նա անվախ մարդու համբավ ուներ և մեզ պատմում էր հերոսական պատմություններ։

— Թիփի, բուք-բորան, լերան ծերն ենք, գելերը մեզ շրջապատեցին...

Եվ այսպես անվերջ պատմություններ, որոնք մեզ հափշտակում էին։ Երբ ընդհատում էր, բոլորս միասին.

— Աման, Մանուկ փեսա, ոտքդ պագնինք...

Եվ նա շարունակում էր եռանդով ու ոգևորությամբ։

Պատմած ժամանակ աչքերը մի քիչ մեծանում էին, այնքան մեծանում, որ կապույտը պարզ երևում էր։

Կամաց-կամաց մեզ համար էլ պարզվեց Մանուկ փեսայի «գյոռպե գյոռ» լինելու միստերիան։

Մանուկ փեսան ո՛չ խանութ ուներ և ո՛չ էլ արհեստով էր զբաղվում, բայց ապրում էր բավականին բարեկեցիկ։ Երբ ասում եմ արհեստ չուներ՝ ուզում եմ ասել սովորական արհեստ չուներ։ Նրա արհեստը թուրք մեռելներին քաշել-դուրս բերելն էր գերեզմանից։ Ինչպե՞ս էր անում այդ։ Թուրք մեռելները փաթաթված էին լինում պատանքի (քեֆին) մեջ և այդ քեֆինը առհասարակ լինում էր թանկագին մետաքսից կամ որևէ թանկագին կերպասից։ Նա զբաղվում էր քեֆին ծախելով։

Երևակայեցեք մի մարդ, որ գիշերը մեն-մենակ մտնում է թրքական գերեզմանոցը, մոտենում է նոր թաղված գերեզմանին, բաց է անում, կռանում ներքև, գրկում մեռելին, քաշում, վեր բարձրացնում, ձգում գետնին, քեֆինը քանդում, մեջքին փաթաթում, մեռելը դնում տեղը, վրան ծածկում, այնպես որ առավոտյան նշմարելի չլինի, ապա մոտենում է