— Ծո՛, դուն ո՞ր շունն ես, որ էդպես կպատասխանես, հավկըլե[1], ծո։
Ձեռաց սպանում էին, գցում մի փոս և հեռանում։
Մի քանի օրից գտնում էին դիակը և սկսում էին ձերբակալությունները։
Ոսկերիչ Տիգրանը մի այգի ուներ քաղաքի սպանդանոցի մոտ։ Ես գնացել էի մեր ազգականի այգին, որը գտնվում էր ոսկերիչ Տիգրանի այգուն կից։
Կեսօրին մի թուրք մտավ այգին՝ մի կողով շալակած և խաղող ուզեց։ Տիգրանը չուզեց տալ, բայց մայրը միջամտեց.
— Տուր, շուն է, կը դուշմըննա։
Տիգրանը տվեց նրան խաղող, բայց ոչ կողովը լցվելու չափ։ Թուրքը պահանջեց, որ ամբողջ կողովը լցնի։
— Կողովը լցնեմ, չես կարող շալակել, ծանր է,— ասաց Տիգրանը, կատակելով և հասկացնելով, որ ավելին չի ցանկանում տալ։
Թուրքը պահանջեց, որ անպայման կողովը լցնի։ Մայրն էլ միջամտեց, բայց Տիգրանը զայրացավ և մերժեց։
— Այդքանը որ ձրի տվի, հերիք է,— հայտարարեց Տիգրանը։ Թուրքն էլի պահանջեց։ Նրանք կպան իրար։
Տիգրանը նիհար և թուլակազմ մի մարդ էր, իսկ թուրքը՝ ուժեղ և հաղթանդամ։ Տիգրանը պարտվեց, կուշտ ծեծ կերավ և մի ատամն էլ վրա տվեց։ Ոչ ոք չմիջամտեց։
— Շուն է, կերթա հազար ու մեկ խառնակչություն կենե,— ասին բոլորը և թույլ տվին, որ Տիգրանը ծեծն ուտե։
Հինգ օր հետո Տիգրանին կանչել էին դատի:
Ես գնացել էի դատարան այդ դատը տեսնելու, հակառակ մորս պատվերին, որ այդպիսի տեղեր չգնամ։
Թուրքը դատարան ներկայացավ՝ ճակատը սպիտակ թաշկինակով կապած։ Իբր թե Տիգրանը խփել էր քարով նրա ճակատին և ջարդել։ Թուրքը ներկայացրեց դատարանին բժշկի տեղեկանքը վերքի մասին։ Տիգրանին երկու ամիս
- ↑ Կուլ տալ։