մսագործի խանութներից՝ ոչխարի մի տոտիկ կամ մի գլուխ, քաղաքում հավկիթներ էին թռցնում, թաղերում հարուստների փոքրիկ երեխաների ձեռքից կորզում էին կարկանդակ և մրգեր։
Կեսօրին հավաքվում էին զորանոցի ետևը և օգտվում թափված խարավանայից[1]։ Հարձակվում էին գյուղից քաղաք եկող իշաբեռների, սայլերի վրա, ծեծվելով, քիթ ու բերան ջարդոտելով՝ ձեռք էին բերում մի քանի ափ ցորեն կամ ալյուր, հարձակում էին գործում, մանավանդ, ճակնդեղի բեռների վրա, որովհետև կարող էին ճակնդեղները խաշել բաղնիքի նոր դուրս թափված այրող մոխրի մեջ և ուտել։
Պետական, կրոնական, հասարակական և բարեգործական ոչ մի կազմակերպություն գոյություն չուներ, որ մտածեր այդ «իշխանների» մասին։
Մեռածներին թաղում էին իրենք, մոխրակույտերից մի քիչ հեռու, մի քանի գլուխ ջարդելով նրա ցնցոտիների բաժանման պայքարում։
Տարին մի անգամ բաղնիքի տերը, համաձայն քաղաքային օրենքի, պարտական էր մաքրել ամբողջ մոխրակույտը։ Այդ մաքրության ընթացքում տասնյակ դիակներ էին դուրս դայիս։
Շատերը հենց քնել էին և չէին զարթել։
Մոխրակույտերի իշխաններից մեկն էր Ալին, նրանց ամենից գեղեցիկ հերոսը, բարձրահասակ, սիրուն կազմվածքով և ուժեղ։
Ալին 25 տարեկան էր, երբ հայրս կանչեց իր մոտ և նշանակեց նրան մեր ագարակի պահապան։ Մեր ագարակն ավերողներր մոխրակույտի իշխաններն էին։ Ալիի պաշտոնի գլուխ անցնելուց հետո՝ ոչ մի «իշխան» չմտավ մեր ագարակը, միայն Ալին իր սեփական խմբին երբեմն մատակարարում էր մեր ագարակից մրգեղեն և բանջարեղեն։
- ↑ Զինվորական սուպ։