Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ալին է. գլխին մի կանաչ ապարոշ, հագին երկար և կանաչ աբա, ձեռքին նույն երկար և անտաշ գավազանը, կուրծքը բաց, բոբիկ, նա բաց է արել նաև իր արությունը, որի վրա, մարգարեի հաճությամբ, դրոշմված է հաջին, ահա այն շնորհը, որին նա այժմ արժանացել է ի փոխարեն իր բոբիկ և ցնցոտիապատ ուխտագնացության։

Խռնվում է ժողովուրդը նրա շուրջը լուռ և անձկագին աճապարանքով, սկսում են երկյուղածությամբ համբուրել մարգարեի շնորհին արժանացած նրա արության խորհրդանշանը՝ հաղորդակից լինելով իսլամական դրախտի շնչին։ Ամեն համբուրող, նրա քղանցքներին և գավազանին դիպչող ամեն մի մարդ մատուցանում է իր նվերը բոբիկ ընտրյալին։

Ոմանք բերում են ձիեր իբրև նվեր, ոմանք նվիրում են իրենց կալվածների մի մասը, մի ամբողջ խանութ, հայտարարում են իրենց նվերները համբուրելիս, բերում են մետաքսներ, արծաթներ, ոսկիներ, բերում են կահ-կարասիներ, խալիչաներ, սփռոցներ, խուտնի-խումաշ, անկողիններ, մահճակալ, վառարան, հագուստեղեններ։ Նվերների համար պատրաստված կառքերը լցվում են, և շարքը քանի գնում երկարում է։

Ալին լուռ է, փոշեթաթախ և դողահար։

Մտնում է քաղաք։ Տանիքները լիքն են հետաքրքրվող ժողովրդով, լուսամուտների վանդակների ետև ծակոմ են աչքերը կանանց, մարմրում են սրտերն իսլամ մայրերի՝ իրենց փոքրիկ աղջիկներին ընծայաբերելու մարգարեի ընտրյալին։

Ալին լուռ է։ Փոշին և քրտինքն ակոսներ են փորել նրա ճակատի վրա և քունքերից վար։ Քայլում է դանդաղ, պարտասուն։

Հասնում է քաղաքի մեջիդը, չոքում է դռան շեմքեն, համբուրում է մաշված մարմարը, աղոթում է երեսը դեպի հարավ, մտնում է ներս, էլի աղոթում։

Ալիին առաջնորդում են մեջիդի կողմից իրեն նվիրված մի գավառական պալատ՝ ուր հասնելիս նա ցանկության է հայտնում քնել։

Հայրս նրա մոտ չգնաց, բայց կես-գիշերին Ալին մարդ