Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դարսում, սրբում, դասավորում, տեղափոխում։ Տունը պետք է լիներ խստագույն կարգապահության մեջ՝ կոշիկները դարսված, պահարանների դռները փակ, այգու ծաղիկները ջրված, երեխաները սանրված, ընտանիքի բոլոր անդամների շորերը փոխված, ջրի բաժակը ջրամանի մոտ՝ կոթը ոչ դեպի պատը դարձված, ավելն իր անկյունը, շորերի կախարանի նրա վերարկուի մեխը բոլորովին ազատ։

Դռան առաջ նա իջնում էր էշից։ Մի պահ սպասում էր, մի սիգարեթ էր վառում, որպեսզի ամբողջ տունն իմանա, որ եկել է։

Դրան կարիք էլ չկար, որովհետև փողոցի անկյունից էշը սկսում էր զռալ և հայտարարել ժամանումը։

Մայրս հանդիպում էր նրան բակում, միասին բարձրանում էին վեր։ Մեզանից ոչ ոք նրա մոտ չէր գնում, նա ինքը բոլորին կանչում էր հատ-հատ, համբուրում, շոյում, կշտամբում և ճանապարհ գցում։

* * *

Կիրակի օրերը նա գնում էր ագարակ և մինչև կես-գիշեր մնում այնտեղ։ Մարմարյա ավազանի եզրին օղի էր խմում, տնից հատուկ ուղարկված ընթրիքն անում։ Այդ ընթրիքը մոտավորապես պատրաստված էր լինում տասը մարդու համար— միգուցե հանկարծակի հյուրեր հայտնվեին։

Կես-գիշերին վերադառնում էր էշով։

Եթե երեք օր էլ ուշանար՝ մայրս անքուն պիտի սպասեր նրան, մի քանի խոսք փոխանակեր և ապա գնար քնելու։

Իմ մանկությունն անցել է այդ ագարակում, մարմարյա այդ ավազանի եզրին, անցել է աղավնու սպիտակ թևերի վրա։

Գիշերը կապույտ երկնքից այնքա՜ն աստղեր էին թափվում նրա պայծառ, աստղասարսուռ խորության մեջ։ Ցերեկն արեգակը լողում էր նրա մեջ, կարծեց զովանում էր նրա ցուրտ ջրերում, իսկ գիշերը տիեզերական էր, խորհրդավոր, խորի՜ն։