Գիշերը սպիտակ հատակը կապտանում էր, ջուրը մուգանում և աստղե՜ր, բյուրավոր աստղեր։ Լռությո՜ւն, անսահման լռություն։ Ուռիները կռանում էին ավազանի վրա, ամբողջ ագարակի ծառերը շշնջում էին, հանկարծ մի ասուպ ճեղքում էր ավազանը և կորչում։ Համատարած, մեծ-մեծ թևերով գիշեր, երկար, համասփյուռ մի երազ, կապույտ, մուգ-կանաչ և վերևում սպիտակ ամպեր։ Կապույտը երկնքից կարծես կաթկթում էր շիթ առ շիթ, եղնիկի արցունքների նման, անիմանալի մի բան, դողի նման, սարսուռի նման ծայր էր առնում, տարածվում, տարածվում և տիեզերանում։
Մրգեր, մրգեր, մրգեր, որ գույն էին ճչում, խոտը հրավառ կանաչ, կանաչի մեջ կարմիր կակաչներ։ Սարալանջ, որ ներկվում էր արևային արյունով, սարալանջի ետևը կապույտ լեռներ, այդ լեռների գրկում, բարձր, ջինջ, փիրուզյա մի լիճ, կարծես բյուրավոր մանկական աչքեր էին քթթում։ Խաղողի հատիկները կախվում էին ինչպես մանկական պայծառ, ջինջ աչքեր։ Կարմիր, սև, դեղին և սպիտակ խաղողի ողկույզները ծծում էին արևից լույս, գույն և քաղցրություն, կարծես հենց արևն էր խտացած, կաթիլ-կաթիլ մղված, ապա լերդացած և կլորացած։
Աշնան այդ ագարակը ծոցվորվում էր, հողը կարծես պատռվում էր իր սեռային անզուսպ կատաղությունից, հորդում էր միրգը, վարարում լեռներից հոսող ջրերի նման, հնձանը լցվում, խազմուզը փրփրում, վազում, լցվում կարասների մեջ իբրև հողի ուրախություն, իբրև արևի ճիչ, իբրև արևի և հողի հզոր և միասնական երգ։
Ես էլ ուզում էի երգել, երգել լիահնչյուն, արևալից և արևակոծ։
Աշնան այդ լիառատ օրերին հայրս պատրաստվում էր գնալ Ստամբուլ։
Ասում էին, որ Ստամբուլում մի կին դյութել է նրան։
Բայց այս մասին այն ժամանակ, երբ կանեմ մորս պատմությունը։