Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կառուցվեց երրորդը, չորրորդը, հինգերորդը — բոլորն էլ լեռան սպիտակ քարից։

Երբ դաշտում տներ կառուցելը դարձավ առօրյա սովորություն, երբ օրը նոր, տնակը նոր էր, լեռան կողից սպիտակ քար բերելը դարձավ տաժանակիր մի աշխատանք, ո՛չ մարդկային ուժն էր բավում, ո՛չ անասունների փոխադրական միջոցը, որովհետև եթե սրանք բոլորն զբաղվեին այդ աշխատանքով, դաշտի բարիքը կմնար դաշտում։

Երկար էր տևում և տնակ կառուցելը։ Մինչև լեռան կողից քարն էին պոկում, դաշտ բերում, հղկում և պատը շարում, ձմեռը վրա էր հասնում, առանց կտուրը ծածկելու։


Դ

Երբ ջրերը վարարում էին ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից, դաշտում տեղ-տեղ բնական ավազաններ էին գոյանում։

Այդ ավազանները, կիզիչ արևի տակ, այն արևի, որ քաղցրացնում էր միրգը և արևաներկում վարդը, արագորեն շոգիանում էին, հատակում թողնելով ազնվագույն տեսակի կավ։ Իսկ կավը՝ չորանալուց հետո ճեղքոտվում էր թանձր շերտերով։

Եվ երիտասարդ բնակիչներից մեկը՝ Անդրեասը, քարտաշ Դավթի որդին, մտածեց օգտագործել ազնվագույն այդ կավը և շինել աղյուսներ։

Նա տեսել էր դաշտի հին քաղաքների և գյուղերի մնացորդները, տեսել էր նաև, որ հին բնակիչներն աղյուսից քաղաքներ և գյուղեր էին կառուցել, որոնք անհետացել, հողին հավասար էին դարձել ժամանակի ծանր անիվի տակ։

Եվ դաշտի ցաքուցրիվ տնակներից հեռու՝ բաց դաշտում, երիտասարդ Անդրեասը ճգնեց իրականացնել իր մտածումը։

— Որդի,— ասաց քարտաշ Դավիթը Անդրեասին,— մեղք ես, զուր ես ճգնում, դրանից բան դուրս չի գա, կավը չի դիմանա ահավոր կայծակին, քար է հարկավոր։

— Հայր,— պատասխան տվեց Անդրեասը,— կայծակը