Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կխփի հողի մեջ և կկորսվի, իսկ քարին զարնելով՝ կփշրվի, հարյուրավոր գնդակների վերածվելով, քարն ավելի վտանգավոր է, քան կավը։

Հայրը չհամոզվեց, բայց չէր կարող ստիպել որդուն, որ ձեռք քաշի իր նպատակից, որովհետև որդու վերին շրթունքի վրա ոլորվում էին սև բեղեր, իսկ նրա կնոջ կրծքից արդեն երկրորդ մանուկն էր կախվում։

Եվ Անդրեասը արհեստական թմբեր կառուցեց հեղեղների դիմաց և շինեց ավազաններ։ Երբ հեղեղները բարձրացան, եկան, լցրին այդ ավազանները, շոգիացումից հետո հատակում մնաց ազնվագույն կավը։

Եվ Անդրեասը շինեց չորս տախտակե շերտից մի քառակուսի շրջանակ, երկու մատի խորությամբ, թափեց ազնվագույն կավն այդ շրջանակի մեջ և քաշելով շրջանակը դուրս՝ թողեց, որ կավը չորանա ու դառնա աղյուս։

Այդ տարին դաշտում տասնյակներով տներ կառուցվեցին հում աղյուսից, բայց հաջորդ տարին, առաջին գարնանից, աղյուս թափող Անդրեասը կառուցեց մի հնոց՝ աղյուսը թրծելու համար։

Այդ հնոցը բոլորաձև էր, երկու մարդահասակ բարձրությամբ։ Երբ աղյուսները չորանում էին, Անդրեասը բերում էր, խնամքով դարսում հնոցում կանոնավոր շարքերով և ապա սկսում հնոցի տակ վառել չորացած խոտը։

Մի քանի ժամվա ընթացքում աղյուսները թրծվում էին, մի գիշերվա մեջ սառչում։ Անդրեասը դուրս էր բերում թրծված, կարմրած ու թեթևացած աղյուսները և դարսում արևի տակ։

Այդ տարին տների կառուցումն ավելի և ավելի արագացավ, տները բազմացան, որովհետև Անդրեասի աղյուսից ավելի հեշտ էր պատ շարելը, իսկ էժանության մասին խոսք անգամ չէր կարելի ասել։

Սկզբում Անդրեասն այդ բոլորն անում էր միայն կնոջ օգնությամբ, բայց հետզհետե անկարող եղավ բավարարել կառուցողների պահանջները, ուստի նա բերեց մարդիկ, նրանց տվեց հաց և օրավարձ և աշխատեցրեց իր հետ, մանավանդ,