Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կողքին, բռնում նրա մինչև ծնկները հասնող ծամերը, շոյում և զմայլանքով ու հողի կարոտով նայում նրա դեմքին, որ դեռևս վարդագույն էր հակառակ նրա արդեն երեք զավակ ունենալուն։


Է

Մի օր ծերունի Անդրեասը կանչեց Հովնաթանին իր մոտ և ասաց.

— Բեր գրիչ և թուղթ ու գրիր:

Հովնաթանը, որ արդեն տասնվեց տարեկան էր, բերեց թուղթ և գրիչ և ասաց.

— Պապի, պատրաստ է։

Ծերունու ականջին հնչեց կյանքի ոսկյա ծնծղան։ Տիրեց լռություն։ Ծերունին չէր խոսում, որովհետև նա ունկնդրում էր իր կյանքի ամենահրապուրիչ երգին։

Երբ երգը վերջացավ, ծերունի Անդրեասը հառաչեց և թելադրեց Հովնաթանին՝ գրելու.

— Հայրապետ ծնավ Առաքել, Առաքել ծնավ Դավիթ, Դավիթ ծնավ Անդրեաս, Անդրեաս ծնավ Երեմիա, Գրիգոր, Պետրոս, Պողոս, Սառա, Յուղաբեր, Հռիփսիմե, Երեմիա ծնավ Հովնաթան, Մարգարիտ և Դավիթ։

Հովնաթանը գրի առավ ծերունու ասածները արագորեն և նայեց պապին խոհականորեն։

Ծերունի Անդրեասը շարունակեց թույլ ձայնով.

— Հովնաթան ծնավ...

Եվ ծերունին կանգ առավ, կարոտագին նայեց Հովնաթանի կապույտ և շողշողուն աչքերին։

— Հովնաթան ծնավ Անդրեաս։

Ծերունի Անդրեասի հոգու մեջ թրթռաց անմահությունը։

Նրա աչքերի առաջ ծաղկեց բամբակենին, նրա ականջները լսեցին գարնան առվակի կարկաչը, նրա ռնգունքները ներշնչեցին կավի թարմ բույրը, և երակներում զրնգաց արյունը։