Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ը

Բայց մահը եկավ, որովհետև հոգնած մարմինը կարոտում է հողը, կարոտում է իր նախնական ձևը։

Եվ ծերունի բրուտը կյանքի անկողնում, որ պիտի դառնար մահվան անկողին, ցանկություն հայտնեց, որ բոլոր նրանք, որոնք իրենից էին սերել, հավաքվեն իր շուրջը։

Հավաքվեցին։

Հավաքվածների մեջ կային արդեն պատկառելի ծերունիներ և պառավներ, բայց բոլորն էլ եկել էին, ըստ Անդրեասի ցանկության, տոնական զգեստներով, ոսկեզարդ ճակատներով, ատլաս ու խումաշ հագած։ Նրանց մեջ կային մի քանի օր առաջ ծնվածներ, ներկա էին նրանք, որոնք արևի աշխարհի առաջին լուսամուտի ետևում թպրտում էին դուրս գալու, որոնք չպիտի տեսնեին ծերունուն, բայց, թերևս, պիտի լսեին նրա վերջին խոսքերը։

Ծերունի Անդրեասը նշան արավ իր անդրանիկ որդի Երեմիային, որ վերցնի իրեն և նստեցնի անկողնում։ Երեմիային օգնեց տասնվեցամյա Հովնաթանը, գանգրահեր և կապուտաչյա։ Նա դրեց բարձերը պապի մեջքին, թևերի տակ և մի փոքրիկ բարձ էլ, աղավնու փետրից, գլխի ետևում։

Ծերունի Անդրեասի սպիտակ, բայց խիտ հոնքերը կախվեցին հանգելու մոտ աչքերի վրա, ինչպես ամպերն են սքողում վերջալույսների արյունաթաթավ արեգակը։ Նրա ձեռքերը, հանգչեցրած սպիտակ բարձերի վրա, գրեթե մի դարի պատմություն ունեին։ Այդ ձեռքերը, որոնց կապույտ երակները ճյուղավորված էին, ինչպես գետերը մայր երկրի, թափեցին առաջին աղյուսը, և այդ աղյուսից աճեց դաշտի մեծ և նոր քաղաքը։ Այդ ձեռքերով շինված կարմիր գավերից բյուրավորներ խմեցին մուգ գինին և երջանկացան։

Հովնաթանը, որ բարձերը տեղավորելուց հետո կանգնած էր սնարից մի քիչ հեռու, տեսավ, որ պապը նշան է անում մոտենալու իրեն։

Մոտեցավ նրան կապուտաչյա և գանգրահեր պատանին և ճակատը մոտեցրեց պապին։

Ծերունի Անդրեասը հոնքերը վեր առավ, կարոտագին