Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նայեց Հովնաթանի կապույտ աչքերին, ինչպես լեռներից հեռացող ճամփորդն է հառում լեռնային կապույտ լճակին։

Եվ ծերունի Անդրեասը խոսեց։

— Ինձանից մի նեղանար, իմ սերունդ, բոլորիդ սիրում եմ, բայց Հովնաթանին շատ ավելի եմ սիրում, Հովնաթանն իմ պատկերն է, երբ ես նրան այժմ տեսնում եմ, հիշում եմ ինձ այն ժամանակ, երբ ես առաջին աղյուսն էի թափում։

Ոչ ոք չբողոքեց։

Հովնաթանը նստեց պապի անկողնի վրա։

Լռություն, անսահման լռություն։

Ծերունին նորից նայեց Հովնաթանին, հիշեց իր մանկությունը և սկսեց խոսել.

Եվ նրա ձայնը բխում էր խաղաղ և լուսավոր լռությունից։

— Գնում եմ այս աշխարհից, հոգնել եմ, զավակներս, մինչև խոր ծերությունս չարխ դարձրի, ամբողջ մարմնիցս այժմ գալիս է կավի հոտը, ուզում եմ, որ ոսկորներս հող դառնան և հանգստանան. կավ էի, նորից կավ եմ դառնալու։ Ինձ թաղեցեք վերի ավազանի հատակում, թող կավի շերտերը գան վրաս, լցվեն, իմ մարմինն էլ խառնվի այն կավին, որ դուք պիտի գործածեք գավերը շինելու։ Ասում եմ ինձ թաղեցեք վերի ավազանի հատակում, որպեսզի իմ կավն էլ խառնվի հեղեղների բերած կավին, այդ կավից գավ շինեք, գինի խմեք նրանով և ձեր շրթունքները հպեն ինձ...

Հեկեկանքի զսպված հծծյուններ լսվեցին հարսներից։

Ծերունի Անդրեասը նայեց նրանց սպիտակած հոնքերի տակից, փորձելով բարկանալ նրանց վրա, բայց մահվան մոտիկությունը չէր թողել նայվածքի ոչ մի խոժոռություն։ Ծերունին զգաց, որ այլևս չի կարող խիստ լինել, օրենք է, որ ինքը պիտի մեռնի և օրենք է, որ մնացորդները պիտի հեկեկան, նրանց աչքերի պայծառության վրա էլ պիտի իջնի երբեմն մռայլության քողը, որպեսզի նրանք ևս դառնան իմաստուն և խոհական։

Ծերունի Անդրեասը շարունակեց.

— Ես երկար ապրեցի, խմեցի հողի արյունը, այժմ էլ գնում եմ հողի գիրկը, բայց լուսինը մնում է, արևը մնում է,