Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չարխի գլուխը, շիներ կուժեր, թասեր, գավեր և փարչեր»։

Մտածում էր Երեմիան, բայց ոչինչ չէր ասում Հովնաթանին, թողնելով, որ նա անի, ինչ սիրտը կուզի: «Դեռ ուժ կա ոսկորներիս մեջ, դեռևս կարող եմ աշխատել»,— ասում էր նա։

Բայց հորեղբայրները, որոնց որդիներր կավն էին տրորում բոբիկ ոտներով, հնոցն էին վառում, ավազանների կավն էին բարձրացնում սայլերը, մեջքերով աղյուսները կրում՝ բողոքում էին, որ Հովնաթանը դատարկ բաներով է զբաղվում և չի աշխատում, որովհետև բրուտանոցը և ողջ բրուտային առևտուրը պատկանում էր բոլորին։

— Երեմիա,— ասում էին եղբայրները,— որդիդ անպետք է, գլուխ շինելը ո՞ւմ փորը կկշտացնի, աշխատել է հարկավոր, թող անցնի չարխի գլուխը։

Երեմիան չէր կարող ասել, որ Հովնաթանը անկարող է աշխատելու չարխի վրա, որովհետև նա երբեմն պտտեցնում էր պապի չարխը և հիանալի անոթներ շինում։

Երբ բողոքները շատացան, և երբ Հովնաթանը տեսավ հորը խեղճացած այդ բողոքներից, անցավ պապի չարխի գլուխը, և նրա մատների տակ լպրծուն կավն ստացավ սքանչելի ձևեր։ Նրա շինած անոթները բոլորովին այլ ձև ունեին մյուսների շինածներից, նրա անոթներից յուրաքանչյուրն էլ տարբերվում էր մյուսից, նա չէր կրկնում ոչ մի ձև, բայց երկար չէր տևում, ձանձրանում էր, թողնում չարխը, քաշվում բրուտանոցի հեռավոր մի անկյունը և սկսում կառուցել մի զայրացած բռունցք, որ ցցվում էր դուրս կավի քաոսային զանգվածից, մի կռացած և հոգնած մեջք, մի գլուխ և այլն:

Նրա կերտած գլուխները նման էին իր գլխին, որովհետև գլխի ձևը վերցնում էր նա միայն իր գլխից, որը դիտում էր մի կոտրած հայելուց։

Քանի Հովնաթանի շինած անոթները հարգ էին ստանում շուկայում, հորեղբայրներն այնքան բարձրացնում էին բողոքը և պահանջում էին, որ Հովնաթանը չարխի վրա ոչ թե պատահաբար աշխատի, այլ արևածագից մինչև արևամուտը։