Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բողոքում էին և հորեղբորորդիները։

— Հովնաթանը վերի արտի ցորե՞ն է, ի՞նչ է, մենք էշ ենք, իսկ նա ձի՞ է, ի՞նչ է։

Բողոքները դառնում էին անտանելի, մանավանդ երբ սկսվում էր քաղաքում կառուցումների շրջանը։

— Աղյուս են ուզում, Երեմիա,— ասում էր եղբայրներից մեկը, իսկ Հովնաթանը չի աշխատում, ավելի լավ է իրարից բաժանվենք, մենք՝ մերը, դու՝ ձերը, եղբայրն էլի եղբայր։

Երեմիան բռնում էր Հովնաթանի գլուխը, աչքերը ձգում նրա աչքերի կապույտ լճակի մեջ և ասում.

— Հովնաթան, որդի, աղյուս են պահանջում։

Եվ Հովնաթանը, հուսահատ ու տխուր, վերցնում էր փայտե նախնական քառակուսի շրջանակը, բոբիկանում և արևածագից մինչև արևամայր աղյուս թափում։ Երեկոյան, երբ բոլորն ուտում էին թանե սպասը և վեր կենում, պառկում, քնում, Հովնաթանը, կտուրի վրա պառկած՝ իրիկնային հովից զովացած անկողնում, աչքերը հառում էր պաղպաջուն երկնքից կաթող աստղերին, աչքերը լցվում էին արցունքով։

Մայրը մոտենում էր որդուն, տեսնում նրա արցունքը, շոյում էր գլուխը և հարցնում.

— Հովնաթան, մատաղ, ինչո՞ւ ես լաց լինում։

Հովնաթանը պատասխանում էր՝ ինչպես հինգ տարեկան մանուկը.

— Ես աղյուս չեմ թափի։

— Հայրդ ծեր է, որդի, նրան պարտական ես օգնել։

Հովնաթանը նայում էր դեռ երիտասարդ մորը՝ լուռ և տխուր։

Եվ մայրը շփոթում էր կապույտ աչքերի արցունքը կապույտ երկնքի աստղի հետ։

Սառչում էին արցունքները, ինչպես մարած աստղերը, քունն իջնում էր Հովնաթանի հոգնած մարմնի վրա, մայրը հեռանում էր, համբուրելով արևից եփած նրա ճակատը։

Առավոտյան Հովնաթանը վեր էր թռչում անկողնուց, երբ դեռ լուսաստղն էր շողում երկնքում, ինչպես մարգարիտը