Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փիրուզյա ֆոնի վրա, վազում էր բրուտանոց և սկսում էր սեփական աշխատանքը:

Կավի զովությունը խնդությամբ էր վառում նրա արյունը։

Հայրը գալիս էր բրուտանոց, մոտենում Հովնաթանին և դիտում նրա աշխատանքը։ Ահա մի ձեռք, որ դուրս էր ցցվել կավի մութ զանգվածից, երկու-երեք անգամ ավելի խոշոր, քան բնական մեծությունը՝ ուռած երակներով։ Հայրը կարդում էր այդ ձեռքի վրա կես գարու չափ ֆիզիկական աշխատանք կատարող մի մարդու ողջ կենսագրությունը, պատկերում էր քամուց և արևից այրած նրա ճակատը, կոպտացած և կռացած նրա մեջքը։ Հայրը գլուխն օրորում էր ներքին հրճվանքով և միաժամանակ խոր տարակուսանքով, նա զգում էր, որ որդու աշխատանքը մի բան է, բայց ինչ բան է, չէր կարողանում ասել։ Մի ժպիտ, հեզասահ առվակի նման, գալիս տարածվում էր նրա դեմքի վրա, և ինչ-որ լուսուավոր մի ալիք հոսում էր, նույնպես հեզասահ առվակի նման, նրա հոգու մթության մեջ։

Բայց բրուտանոց էին լցվում հորեղբայրներն ու հորեղբորորդիները և խոժոռ նայվածքներ էին նետում Հովնաթանին. նա շորով փաթաթում էր աշխատանքը, թողնում, մոտենում պապի չարխին, որ այլևս իրեն էր պատկանում։ Չարխը դառնում էր աշխույժ։ Հովնաթանի մատների տակ կավն ստանում էր նորանոր և ապշեցուցիչ ձևեր։

Բայց Հովնաթանին այրում էին մարմնի ձևերի այլազան գաղտնիքները։ Գիշերները նա մտնում էր բրուտանոցը։ Ոչ ոք չկար։ Բայց Հովնաթանին թվում էր, որ շնչում է կավը։ Մերկանում էր, վառում մոմը և մոմի օրորուն լույսով դիտում էր մարմինը և տեսնում էր, որ մարմնի ոչ մի կետ չի սառչում, այլ անվերջ փոփոխվում է. խորությունների և բարձրությունների անհուն մի ելևէջ, բայց երբ միևնույն մոմի լույսով դիտում էր ձևակերպած մարմնի մի մասը, դրանում էր, որ գոյություն չունի կենդանի մարմինը, ինքը ձևավորել էր մարմնի ընդհանուր երևույթը։

Երիտասարդ բրուտը, որ ձգտում էր քանդակագործ դառնալ, ոչ մի գաղափար չուներ մոդելի մասին, բայց զգում էր, որ եթե մեկը լինի և նրանից վերցնի մարմնի ձևերը,