Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելի ճիշտ կլինի։ Մարմնի մասերը նա քանդակում էր իր մարմնից՝ հայելու մեջ նայելով, և Հովնաթանն զգում էր, որ դա բավական չէ։


ԺԱ

Եվ Հովնաթանը երկար ու չարչարալից երևակայությունից հետո, ինչպես մթնում պայծառացող տեսիլք, գտավ առկայծող ճրագը։

Մի երեկո, կտուրի վրա, մաքուր երկնքի տակ, այն ժամին, երբ մանուկները, պառկած զով և սպիտակ անկողիններում, մի աստղ են մտքերում պահում, որ մյուսները գտնեն, Հովնաթանը մոտեցավ իր փոքրիկ եղբորը, շոյեց նրա գլուխը, որ նույնպես գանգրահեր էր, և ասաց.

— Ամենաշատը ի՞նչ ես սիրում, Դավիթ։

— Ձի,— պատասխանեց Դավիթը։

— Վաղը քեզ ձի նստեցնեմ։

Դավիթը թողեց աստղերի խաղը, փաթաթվեց պինդ մկաններով իր եղբորը՝ խելահեղ ուրախությամբ։

— Բայց առավոտյան կանուխ պիտի զարթնես, մի բան պիտի ասեմ անես, կեսօրին քեզ ձի կնստեցնեմ։

— Կզարթնեմ,— խոստացավ Դավիթը։

Գիշերը, երբ աստղերը կախվեցին երկրի կտուրների և ծառերի վրա, իբրև արևի փշուրներ, օրորվեց Դավիթը ձի նստելու երազով և մանկական ջինջ երազում լսեց ձիու վրնջյունը։

Առավոտյան, երբ Հովնաթանը զարթեցրեց Դավթին, կապույտ լույս էր, առավոտյան սղոխն օրորում էր տերևները, ոչ մի շան հաչոց, միայն լսելի էր բնության շնչումը։

Հովնաթանը բաց արավ բրուտանոցի ծանր դուռը։ Մտան ներս։

— Ձին այստե՞ղ է,— հարցրեց Դավիթը։

— Ոչ,— ասաց Հովնաթանը և ժպտաց եղբոր միամտության վրա։

— Ապա որտե՞ղ է։