Հովնաթանը, առանց պատասխանելու գնաց, կավ բերեց, դարսեց իրար վրա բրուտանոցի հեռավոր անկյունում դրված իր կավակալի վրա։
— Դավիթ,— ասաց Հովնաթանը,— ես ուզում եմ քեզ քանդակել, շորերդ հանիր և այստեղ կանգնիր։
Դավիթն իսկույն հնազանդվեց։
Հովնաթանն սկսեց քանդակել։ Առաջին անգամն էր, որ մարդու մարմնի կենդանի ձևերը հայտաբերվում էին իր աչքերի առաջ։ Քանդակում էր նա արագ և հափշտակված։
Դավիթը, մերկ և անշարժ, մրսում էր բրուտանոցի ցուրտ խոնավությունից, բայց Հովնաթանը չէր զգում այդ։ Դավիթն ինքն էլ չէր անդրադառնում, որովհետև ապշահար և զմայլագին դիտում էր ձևավորվող կավը։
Հանկարծ բախվեց բրուտանոցի դուռը։
— Հագիր,— ասաց Հովնաթանը և ինքը թաց շորով ծածկեց կավը ու բաց արավ դուռը։
Ներս մտան հայրը և հորեղբայրները։ Երեմիան զարմացավ՝ տեսնելով Դավթին բրուտանոցում բրուտներից առաջ։
— Ինչո՞ւ ես եկել,— հարցրեց հայրը։
— Ձի պիտի նստեմ,— պատասխանեց Դավիթը կերկերուն ձայնով, որովհետև դեռևս դողում էր նրա ծնոտը ցուրտ խոնավությունից։
Հովնաթանը կատարեց խոստումը։
Կեսօրին նստեց նա ձին, կռացավ, բռնեց Դավթի թևից, բարձրացրեց, նստեցրեց իր առաջը, պինդ գրկեց և խթանեց ասպանդակներով։ Ձին թռավ աշնան վարած արտերով, որ կարմիր էր, փխրուն և հոտավետ։
Դավթին թվաց, որ իր լսած հեքիաթներից մեկումն է, ահա հեքիաթի նժույգը, ինքը վրան, թևերը բացած, կուրծքն ուռած քամուց, կայծակնաբիբ աչքերով, սլանում է, և ահա կհասնեն ամպերին, կմխրճեն իրենց գլուխներն ամպերի սպիտակ կույտերի մեջ։
Եվ ամեն առավոտ, կապտավուն լույսին, Հովնաթանը և Դավիթը բաց էին անում բրուտանոցի ծանր դուռը, մտնում ներս և սկսում աշխատանքը։