Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կաբինի բնակիչներից մեկը, որ վերևի մահճակալումն էր պառկած։

— Նախընտրում եմ ոչ մի լեզու չխոսել, որպեսզի հանկարծ մի հունարեն բառ չասեմ,— զայրույթով պատասխանեց նա։

— Բայց դուք գիտե՞ք, որ եվրոպական բոլոր լեզուները լեցուն են հունական բառերով,— ասում եմ մեղմ տոնով, նպատակ ունենալով չվիրավորել իմ նավակցին։

— Բոլոր լեզուներն էլ գետինը մտնեն, անգլերենն էլ, մյուսն էլ, մյուսն էլ,— բարկացավ հույնը և պապիրոսը վառելուց հետո՝ վառած լուցկին նետեց հատակին։

— Իմ լեզվի հետ ի՞նչ գործ ունեք,— հանկարծ մեջ ընկավ մեր կաբինի չորրորդ ճամփորդը։ Պարզ էր, որ նա անգլիացի էր, բայց ինձ զարմացրեց նա։ Անգլիացին այդպիսի չնչին հարձակումներից չի պաշտպանվում։

Մի ժամ հետո՝ մենք սկսեցինք թուղթ խաղալ, և հայտնաբերվեց ազգությունների հետևյալ պատկերը։

Քիթ խառնողը հույն էր, անունն էր Պրոդոլոս, բայց որովհետև նա մի քիչ կակազում էր իր անունն արտասանելիս, դուրս էր գալիս Պրոդոբոբոբոբոլոս. այդպես էլ մենք շարունակեցինք արտասանել նրա անունը։ Երկրորդը, որ առաջին անգամ խոսքի խառնվեց և նեղացած ասաց, որ «ավելի լավ է ոչ մի լեզու չխոսեք», նա էլ հույն էր, անունն էր Բալթաճիս, իսկ երրորդը, որ ուզեց պաշտպանել անգլերեն լեզուն, իռլանդացի էր և անունն էր՝ Բրեմըր։

Թղթախաղի ընթացքում Բրեմըրը ժամացույցին նայեց և ներողություն խնդրեց գնալու և շուտով վերադառնալու։

— Գնամ, մադամներիս կերակրեմ ու գամ,— ասաց և դուրս էր գնում, երբ Բալթաճիսը նրան կանգնեցրեց։

— Ես էլ եմ ուզում գալ, ուզում եմ շոյել մադամներիդ,— ասաց։

— Խնդրեմ,— պատասխանեց իռլանդացին, և նրանք միասին դուրս գնացին։

Ես և Պրոդոբոբոբոբոլոսն իրար երես նայեցինք ապշությամբ։