Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շարունակեցինք թղթախաղը։

Հանկարծ մի շառաչյուն լսվեց, կաբիններից մարդիկ դուրս վազեցին, մենք էլ դուրս պրծանք մեր կաբիններից։ Կորիդորներում ես հանդիպեցի այն մարդկանց, որոնք վախեցած ետ էին դառնում։ Նրանք սարսափից ահաբեկված դեմքեր ունեին։ Շատերը մինչև անգամ աղաղակում էին։

— Փախե՛ք, փախե՛ք։

Ցամաքի այդ միամիտ մարդիկ կարծում էին, որ կարելի է նավից և ծովից փախչել։ Ես միայն ցանկանում էի տեսնել մի որևէ նավաստու դեմք. դա իսկույն կպարզեր՝ վտանգ կա՞ թե ոչ։

Սանդուղքներով վեր բարձրանալիս ինձ այնպես թվաց, որ հարյուրավոր կակուղ մտրակներով ինձ խփեցին, բայց երբ ամբողջովին թրջվեցի, զգացի, որ ջրի խոշոր մի հոսանք էր, որ տախտակամածի դռներից վար էր խուժում։ Շարունակեցի վեր բարձրանալ։

— Վտանգի ժամանակ ավելի լավ է լինել բաց օդում, քան ներքևը, անանցանելի լուսամուտներով կաբիններում,— մտածեցի։

Ջրի հոսանքը մի պահ դադարեց, ես կարողացա նավի պատերի վրա ամրացված երկաթյա ձողերից մեկը բռնել և ապահովվել ջրի հորձանքից քշվելուց։

Հանկարծ իմ առաջից անցան մի խումբ նավաստիներ. նրանց դեմքի վրա ամենափոքրիկ երկյուղի նշան անգամ չկար, ուրախ էին այնպես, ինչպես ծովի մարդիկ ալեկոծության ահեղ ժամին։ Մի քանի րոպեում նավաստիներն արդեն փակել էին ներքևի հարկերը տանող բոլոր անցքերը և միանգամայն ապահովել նավի ներքնակողմը ջրի հոսանքից։ Ես մնացի վերևը, բաց տախտակամածի վրա։ Ներքև իջնելն անհնար էր այլևս։

Օվկիանը բարկացել էր արշալույսին, հազարապատիկ ավելի, քան կես-գիշեր։ Մեզ շրջապատում էին բարձրաբերձ և ոռնացող ալիքները, փրփրոտ և թանձրամութ ծովը, ծանր, սև և կախ ընկած ամպերը։ Մեր նավն էլ էր կատաղել, մխրճում էր իր առաջաքիթը ջրի մեջ, վիթխարի քանակությամբ ջուր վերցնում, բարձրացնում վեր, ամբողջովին