— Ինչո՞ւ, ի՞նչ պատճառ կա, որ այստեղ ես տապակում, ներսում խոհանոց չունե՞ք։
— Ունենք,— պատասխանեց Մեյրին,— բայց տիկինս չի թողնում, գազի տնտեսում է անում։
Երկարեցա, տապակն առի Մեյրիի ձեռքից։
— Իմ գազի վրա կտապակեմ և քեզ կտամ,— ասացի։
— Շնորհակալ եմ,— ասաց Մեյրին։
Նրա աչքերը կատվի աչքերի նման փայլեցին։
Հաջորդ օրը, կես-գիշերին, նա ինձ սպասում էր դռան առաջ։
— Ալլո, Մեյրի։
— Ալլո, բարի մարդ,— պատասխանեց Մեյրին։
— Տուր տապակը,— ասացի։
— Այսօր ոչինչ չունեմ տապակելու, ամեն օր չեն ունենում, երեկ ներքևի հարևանն էր տվել ինձ, այսօր չի տվել։
Բռնեցի Մեյրիի ձեռքից։
— Մի մերժի, Մեյրի,— ասացի,— դու ինձ բարի մարդ ես կոչում, բարի չեմ, այս աստղի վրա բարություն չկա, արի սենյակս, միասին ընթրենք։
— Տիկինս կիմանա։
— Չի իմանա, դուռը բաց կթողնենք, եթե ձայն լսվի, դուրս կգաս։
Բայց Մեյրին հեռացավ։
Մեյրին երկար ժամանակ չուզեց իմ սենյակը գալ։ Շատ դժվար էր սպիտակամորթի համար համոզել սևամորթին, որ սպիտակամորթն անկեղծ է։ Աշնան մեջերքում, մի գիշեր, աստիճանների վրա բռնեցի ես Մեյրիին։
— Այսօր անպայման պետք է գաս իմ սենյակը միասին ընթրելու,— ասացի։
— Այժմ ես քեզ հավատում եմ,— պատասխանեց Մեյրին,— կգամ, բայց պետք է սպասես՝ մինչև տիկինս քնի։
— Լավ, կսպասեմ։
Ժամից ավելի սպասեցի ես Մեյրիին. աշնան քամին սուլում էր դուրսը, ողբալի երգում մերկացած ծառերի ճյուղքերի մեջ, քամին զարնվում էր իմ սենյակի լուսամուտների փեղկերին. ինձ հետ ապրող իրերը բոլորն էլ նայում էին ինձ.