նրանք հասկանում էին տարերքի երգը, իսկ ես զբաղված էի Մեյրիին դիմավորելու։
— Մեյրին պիտի գա ինձ մոտ և մի քիչ հանգստանա, նրա հոգին պիտի հրճվի, նրա սև մարմինը պիտի զգա սպիտակ հանգիստը։ Սպասումն ինձ մաշեցնում է, բայց զգում եմ, որ ներքին ուրախության մի տիրական ալիք ինձ հեղեղում է, ուրախ եմ, որ հոգիս խոնարհ է, այնքան խոնարհ, որ կարող է հրճվել մի սևամորթի երջանկությամբ։
Դուռը թխկացնում են։
— Մտե՛ք։
Մեյրին — առաջին անգամ — մտավ իմ սենյակը։
Իմ իրերը նրան սիրով ընդունեցին, ժամացույցը հնչեց, հայելին գրկեց Մեյրիին, Մեյրին ժպտաց հայելու խորության մեջ, սեղանիս սպիտակ սփռոցը հրճվում էր, պատրաստ էր տարածվելու իմ հյուրի առաջ սպասարկելու համար։ Իրեն ուզում էին ծառայել, նրանք ստրուկ չեն, նրանք հոժարակամ են։
Մեյրին ավելի շատ խոսեց, քան կերավ։
— Իմ տիկինն այրի է ու այրի չէ, նրա ամուսինը հենց մեր բնակարանումն է, ետևի սենյակում պառկած, երկու տարի է նա հիվանդ է, անկարող է անկողնից վեր կենալ, ինձ բերին այստեղ, որպեսզի նրան խնամեմ, կեղտոտությունը թափեմ, կողը դարձնեմ, ոտները, կռնակը, թևերը շփեմ, ջղային հիվանդություն ունի։
— Ապա ինչո՞ւ ես ասում, որ քո տիկինն այրի է. չէ՞ որ ամուսին ունի։
— Ունի, բայց նա ի՞նչ ամուսին է, տիկինս միշտ ասում է. «Ավելի լավ է բոլորովին այրի, քան կես այրի լինել։»
Մեյրին պատմեց, որ երբ պարոն Հյուզը մեկին կանչում է, տիկին Հյուզը դուրս է գալիս և ներս ուղարկում Մեյրիին։
— Գնա ներս,— ասում է,— անասունը հուզված է։
— Ես գնում եմ ներս,— շարունակեց Մեյրին,— իսկ տիկինը զզվանքով հեռանում է և գնում պատշգամբ։
Կորիդորում, երբ ես տիկնոջս հանդիպում եմ, ասում է. «խոզ է դարձել, ուրիշ ոչինչ»։
— Բայց պարոն Հյուզը շատ ազնիվ մարդ է. իր տիկնոջ