հանեք, դուք պետք է փոխադրվեք քաղաք, ծառայության մտնեք, երկու հոգով շատ հեշտ է քաղաքում ապրելը։
— Ես քաղաք չեմ գա,— անմիջապես պատասխանեց մայրը։
Գերտրուդը չլսեց մոր պատասխանը, նրա աչքերը փայլեցին արցունքների միջից, փայլեցին ուրախության ցոլքերով:
— Ես կգամ քաղաք, կաշխատեմ և մայրիկին էլ կպահեմ, մայրիկը թող մնա տանը,— վճռականորեն ասաց Գերտրուդը։
Հաջորդ առավոտ քաղաքի վաճառականը հանգուցյալ ֆերմերի ավտոմոբիլի վրա նստեցրեց Գերտրուդին և տարավ քաղաք։
Գերտրուդի մայրը մնաց մենակ հին տանը ծերունի ֆերմերի և Գերտրուդի անմոռանալի հիշատակներով շրջապատված։
Գերտրուդը հեռվից նշմարեց ծխի ընդարձակ մի տարածություն։ Այդ տարածության միջից տեղ-տեղ երևում էին բարձր շենքերի գագաթները և բարձրաբերձ ծխնելույզներ։ Օրը պայծառ էր, աշնանային դուրեկան արևով և կապույտ երկնքով։ Գերտրուդը զարմացավ, որ արևոտ, ուրախ այս օրվա մեջ մշուշ է իջել դիմացի վիթխարի քաղաքի վրա, և միամտորեն հարցրեց.
— Զարմանալի է, երկինքը պայծառ է, և մշուշ է իջել։
Քաղաքի վաճառականն ատամները բաց արավ, հեգնորեն ծիծաղեց և թեթև կմշտելով Գերտրուդի լիքը թշերը, ասաց.
— Քաղաքի գործարանների ծուխն է, դա մշուշ չէ:
— Ա՞յդ քաղաքը պետք է գնանք,— հարցրեց Գերտրուդը։
— Այո, այդ քաղաքը, Չիկագո։
Գերտրուդի հոգին մռայլվեց, հիշեց կանաչ դաշտերը և իրենց արևաշատ սենյակը։