Երբ մտան վիթխարի քաղաքը, թեթև անձրև սկսեց մաղվե;։ Ավտոմոբիլների, գնացքների, ապրանքատարների, կառքերի և միլիոնավոր բնակչության երթևեկության խուլ խլրտյունի աղմուկն իջավ ծանր երկաթի նման Գերտրուդի հոգու վրա։ Էլ չէր խոսում, ապշած նայում էր բազմություններին, ածուխով սևացած մարդկանց դեմքերին, ավտոմոբիլների վրա շնիկներ գրկած միլիոնատերերի կանանց, բարձր, երկնակարկառ շենքերին, ցերեկ ժամանակ բացվող և փակվող միլիոնավոր լույսերին։
Գերտրուդն զգաց, որ կորսվում է քաղաքի ժխորում։
— Ես ուզում եմ ետ գնալ,— մրմնջաց Գերտրուդը։
Քաղաքի վաճառականը ծիծաղեց։
— Կսովորես,— ասաց կամաց, և տեսնելով, որ երկու իրար կտրող փողոցի մեջտեղում կանգնած ոստիկանը նշան է տալիս, քշեց ավտոմոբիլը և անցավ մյուս փողոցը։
Քաղաքի վաճառականն ավտոմոբիլը կանգնեցրեց մի մեծ շենքի առաջ, որի դռան վրա երկու նեգրեր մոմի աշտանակների նման կանգնած էին։ Ներսից մի երրորդ նեգր վազեց դուրս, մոտեցավ ավտոմոբիլին, առավ Գեոտրուդի գյուղական պայուսակը և աճապարեց ներս, մինչդեռ քաղաքի վաճառականը Գերտրուդի ձեռքից բռնած իջեցրեց նրան ներքև, և ներս մտան միասին։
Երբ սենյակ բարձրացան, քաղաքի վաճառականը հեռախոսով կարգադրեց, որ նոր շորեր բերեն 17 տարեկան միջահասակ մի աղջկա համար։ Կես ժամից հետո Գերտրուդի համար շորեր ստացվեցին։ Գերտրուդը ամաչեց հագնվել, բայց քաղաքի վաճառականը համոզեց նրան, որ պետք է թողնի գյուղական սովորությունները, այսպիսի բաներ ամոթ չեն համարվում քաղաքում, գյուղը մնաց իր տեղում, կյանքը բոլորովին փոխվեց, գյուղացիք չեն ապրում, միայն աշխատում են, կյանքը միայն քաղաքում գոյություն ունի։
Գերտրուդը կարմրելով հանեց իր գյուղացիական շորերը, հագավ նոր շորերը և երբ մեծ հայելու առաջ տեսավ իրեն, խորունկ ուրախություն զգաց, նման այն ուրախության, որ իր հոգում ծաղկեց, երբ առաջին անգամ ֆերմերի գնած ավտոմոբիլն իրենց բակում խռխռաց և հևաց։