Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երեկոյան քաղաքի վաճառականը նրան շլացուցիչ պատմություններ պատմեց, պատմեց, որ Գերտրուդը կհարստանա, առատորեն կօգնի իր մորը, կապրի ազատ, անկաշկանդ, առանց հոգսի և չքավորության։ Գերտրուդը հրճվեց այդ պատմությունից, բայց մտածում էր, թե երբ հնար կլինի մայրիկին փող ուղարկել ձմեռվա բոլոր պաշարի համար։

Կես-գիշերն անց էր, երբ նրանք վերադարձան հյուրանոց՝ ջահազարդ մի դահլիճում ընթրելուց և մի քիչ խմելուց հետո։ Գերտրուդը հոգնած էր երկար ճանապարհից, քաղաքի ժխորից ու տպավորություններից և ուզեց քնել։ Քաղաքի վաճառականը չհեռացավ, «մեծ եղբոր» նման Գերտրուդի շորերը հանեց և պառկեցրեց նրան փափուկ մահճակալի վրա։ Գերտրուդը լայնորեն հրճվեց այդ բոլորից. նրան թվաց, որ երազումն է։ Դեռևս բոլորովին չէր քնել, աչքերը հեշտավետ կերպով փակվում էին և բացվում, երբ զգաց, որ մի տաք շունչ մոտեցավ իր շրթներին ու համբուրեց իրեն։ Գերտրուդը ցնցվեց, աչքերը խոշոր բաց արեց և ահաբեկված նայեց քաղաքի վաճառականին։

— Քնեցե՛ք, քնեցե՛ք։

Գերտրուդն էլի փակեց աչքերը։ Այս անգամ քաղաքի վաճառականը կիսաբաց արավ նրա վերմակը և գրկեց նրան։ Գերտրուդը չդիմադրեց։


* * *

Առավոտյան Գերտրուդը խնդրեց քաղաքի վաճառականից, որ իր համար մի գործ ճարի։

— Իսկույն ևեթ,— պատասխանեց քաղաքի վաճառականը ու նրան տարավ Չիկագոյի Ավտոընկերության գրասենյակը, որի ագենտն էր ինքը՝ վաճառականը, և կարգագրեց, որ շաբաթական 6 դոլլարով նրան մի գործ տան։ Կեսօրին Գերտրուդն սկսեց աշխատել։ Նրա գործն էր ընդարձակ գրասենյակում նմուշի համար դրված ավտոմոբիլների փոշին մաքրել, լուսամուտները սրբել, սեղանները,