աթոռները փայլեցնել, շենքի առաջի մարմարյա տրոտուարը մաքրել օրական մի քանի անգամ։
Գերտրուդը մի քանի օր էլ մնաց հյուրանոցում քաղաքի վաճառականի ընկերակցությամբ և փոխադրվեց քաղաքամիջում գտնված մի սենյակ, շաբաթական երկու դոլլար վարձով։ Քաղաքի վաճառականը նրան 25 դոլլար տվեց մորն ուղարկելու համար։ Գերտրուդն ուրախ էր, որ կարողացավ մայրիկին անմիջապես օգնել, մի գործ ունենալ և ապրել։
Օրերն անցնում էին։ Գերտրուդն աշխատում էր յոթն անգամ ավելի, քան իր հոր տանը և մտածում էր, որ քաղաքի աշխատանքի կեսով կարող էին նրանք՝ ինքը և իր պառավը, ապրել հանգիստ ու երջանիկ։
Օրերն անցնում էին, և Գերտրուդն զգում էր կենդանի շարժում իր կրծքի տակ և դող իր հոգում։ Քաղաքի վաճառականը չէր երևում. ուզում էր հայտնել նրան։
— Նա անպայման ամեն բան կկարգադրի, այնքան բարի է,— մտածում էր Գերտրուդը, բայց նա քաղաքում չէր։
Մի օր դիմեց գրասենյակի կառավարչին և խնդրեց նրանից իրեն ագենտի հասցեն տալ։ Կառավարիչը չոր-չոր պատասխանեց.
— Նա մեզանից հեռացել է, հասցեն չենք իմանում։
Այդ երեկո Գերտրուդը գնաց իր անշուք սենյակը, գրկեց իր ծնողների լուսանկարը, համբուրեց և արցունքներով ամբողջովին թրջեց։
Մոտենում էին ծննդաբերության օրերը։ Կապույտ աչքերով, ոսկեգույն մազերով այս աղջիկը փակվեց իր սենյակում, քաղցած և ծարավ, չուզեց դուրս գալ հղի վիճակով։ Տանտիրուհին մի քանի օր խղճաց, սուրճ և հաց տվեց, բայց հետո նա էլ չերևաց։
Գերտրուդը հուսահատված հիշեց, որ իրենց գյուղի քարոզիչն ասում էր. «Եթե հոգնած եք, աղքատ եք, անօգնական, դիմեցեք Քրիստոսին, և նա կփրկի ձեզ»։
Գերտրուդն ուրախացավ, որ գտավ փրկության ելքը։ Նա դիմեց քաղաքի միսիոներական ընկերության, որպեսզի նրան օգնեն մինչև երեխան ծնվի, և մի գործ գտնի ապրելու։