Գերտրուդն անկեղծորեն պատմեց, թե ինչպես անգութ կերպով խաբել էին իրեն։
Ընդունող պատվելին ակնոցի տակից նայեց նրան, երկար քմծիծաղ տվեց և պատասխանեց.
— Չենք կարող, ցավալի է, չենք կարող։
— Ուրեմն սուտ էր գյուղի քարոզչի ասածը,— մտածեց Գերտրուդը և զզվանքով հեռացավ։
Բայց մի 10 օր հետո՝ իր սենյակի դուռը բախեցին, և ներս մտավ սևեր հագած մի կին, կարմիր ներկված շրթունքներով, երեսը պատած բրնձափոշով, կնճռոտ ճակատով, ամբողջ դեմքն ակոսված, ժամանակից շուտ պառաված մի կին. սեթևեթ շարժումներ ուներ, խռպոտ ձայն, նման այն ձայնին, որ հարբեցողը կունենա։
— Տան տիրուհիդ ասաց, որ նեղության մեջ ես, ես քեզ կարող եմ օգնել,— ասաց կինը։
Գերտրուդի առաջին վատ տպավորությունը փոխվեց, ներս մտնող կինը նրան թվաց գեղեցիկ, բարի, դուրեկան։
— Շնորհակալ եմ,— մրմնջաց Գերտրուդը։
Առանց պայմանների, առանց սակարկության սևեր հագած կինը դրեց նրան ավտոմոբիլի մեջ և փոխադրեց ծննդաբերական հիվանդանոց։ Ճանապարհին կինը Գերտրուդին տարօրինակ կերպով նայում էր, զննում, ինչպես գնորդն ապրանքն է զննում։ Գերտրուդը ոչինչ չհասկացավ, նա միայն հավատաց, որ դաժան, ցուրտ, ծխոտ, եսասեր և անբարոյական քաղաքում դեռ չի մեռել մարդասիրությունը։
Գերտրուդը ծնեց։ Իր նորածին մանուկը նման էր իրեն, նա կապույտ աչքեր ուներ և ոսկեգույն մազեր։
Սևեր հագած կինը վեց ամիս հետո պահանջեց Գերտրուդից իր արածների համար վճարել։ Գերտրուդը ապշեց։
— Ես չեմ խնդրել ձեզանից որևէ բան,— պատասխանեց Գերտրուդը։
— Այո, ճիշտ է, չես խնդրել, բայց բարոյապես պարտական ես ինձ։