Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ կարող եմ անել,— հարցրեց միամտորեն գյուղացի աղջիկը։

Կինը նրան տարավ իր «տուն»-ը, ծանոթացրեց նրան իր մյուս «աղջիկ»-ներին։ Աղջիկները կիսամերկ էին, շպարված երեսներով, կարմիր ներկած շրթունքներով։ Կինը Գերտրուդին թողեց մենակ այդ աղջիկների հետ և հեռացավ։ Աղջիկները նրան պատմեցին, որ օրական 10 դոլլար են աշխատում, աշխատանքն էլ հեշտ է, միայն մի քանի հաճախորդ են ընդունում, օգնում են իրենց ծնողներին, լավ են ապրում, հարուստ մարդկանց հետ պտույտի են գնում, նրանց հետ գիշերում, փող ստանում և զվարճանում։

Գերտրուդը չպատասխանեց։ Նրա տխուր աչքերն ավելի մռայլվեցին, ինչպես ամպամած երկնքից հետո անձրևն է սկսում մաղվել։ Լռեց երկար։ Իր հոգու մռայլության մեջ սպիտակ վարդերի նման փայլեցին իր արծաթյա մազերով մայրը և կապույտ աչքերով ու ոսկեգույն մազերով իր մանկիկը, որոնք կարող էին անհետ կորչել, եթե ինքը չզոհեր իրեն։


* * *

Գերտրուդը դայակին հանձնեց իր կապույտ աչքերով և ոսկեգույն մազերով երեխային ու փոխադրվեց սևեր հագած «բարի» կնոջ «տունը» և սկսեց եռանդուն կերպով հաճախորդներ ընդունել տոկոսների համար։ Խայտաբղետ էին հաճախորդները, ծեր, կեղտոտ մորուքներով, հարբած, երիտասարդ, չար, դաժան և լկտի։ Հանրատան բոլոր մյուս աղջիկները նախանձեցին նրան, որովհետև հաճախորդները բոլորն էլ Գերտրուդին էին ձգտում, նա ջահել էր, կապույտ աչքերով, ոսկեգույն մազերով, նրա աչքերի անմեղությունը, մարմնի առողջ հոտը մղում էին բոլորին դեպի նրան։ Ամբողջ գիշերը խմում էր, պարում, մարմնի հազար և մեկ գալարումներով զվարճացնում իր տոկոսները վճարող հերոսներին։ Երբ հարբում էր Գերտրուդը և այլևս չէր կարող հաճախորդների թիվը միտը պահել, սևեր հագած «բարերար» կինը ոչ մի տոկոս չէր վճարում նրան։ Գերտրուդն ուրախ էր, որ