Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես գիտեմ,— սկսեց Ուոլտըր Գրոզբին,— դու շատ ես ծիծաղել ինձ վրա. քեզ չեմ մեղադրում, ես մեղադրում եմ հույն փիլիսոփա Սոկրատին. այդ փիլիսոփաներն են մեզ խանգարողը։

Ապա ինձ հարցրեց.

— Ինչպե՞ս է «Ապոլլո» խմիչքը, դուր գալի՞ս է։

— Շատ դուրեկան խմիչք է,— պատասխանեցի։

— Դա այն միևնույն «Միներվա» խմիչքն է։ «Միներվա»-ի անհաջողությունը կայանում էր նրանում, որ սպիտակ գույն ուներ. ես գտա, որ այդ խմիչքին պետք է գույն խառնել և կծախվի։ Ուրիշ ոչինչ։ Մր. Ի. Ի. Հարտընը համոզվեց դրան, ստորագրեց ինձ հետ մի միլիոն դոլլարի պայմանագիրը, և ես նրան տվի այդ գաղտնիքը: Մր. Հարտընը գնեց միլիոնավոր շշերը դատարկ շշի գնով, գույն խառնեց, փոխեց անունը և հիմա հսկայական քանակությամբ ծախում է։ Նա ինձ արդեն վճարեց մի միլիոն դոլլարը։ Արդեն սկսել եմ նոր առևտուր իմ սեփական դրամագլխով և ինձ համար։

Երբ Ուոլտըր Գրոզբուց պիտի բաժանվեի, նա ինձ ասաց.

— Մի խնդիրք ունեմ, շատ եմ ցանկանում, որ չմերժես։

Ես չգիտեմ՝ ինչպես և ինչու կարծեցի, թե Գրոզբին ուզում է իր առևտրական տանը մի պաշտոն տալ ինձ։

— Եթե ինձ պաշտոն ես առաջարկելու, ես համալսարանը չեմ թողնի,— պատասխանեցի։

— Ոչ, ոչ, սիրելիս, դու անպետք մարդ ես առևտրի համար,— ասաց Գրոզբին,— ավելի լավ է դու փչանաս քո Պլատոնով և Սոկրատով. քո ի՞նչ գործն է առևտուրը։

— Եթե ակադեմիական կյանքիս չվնասի, կընդունեմ,— պատասխանեցի անմիջապես։

— Թույլ տուր ինձ քեզ վեց դոլլար տամ, որ այն պարտքդ վճարես,— ասաց Ուոլտըր Գրոզբին։

— Շնորհակալ եմ,— պատասխանեցի։

Մի քանի տարի հետո՝ Նյու-Յորքում, վիթխարի այդ քաղաքում, պատահմամբ հանդիպեցի Ուոլտըր Գրոզբուն Բրոդուեյի վրա մի կնոջ հետ։ Կնոջ գրկում՝ մի սպիտակ շուն։

Իմ խոհանոցի ընկերս ամբողջովին փոխվել էր, մոոկլ