Ինքն անձամբ տարավ հեռագիրը դիմացի դեղատան մեջ գտնված հեռագրական բաժինը, որպեսզի հյուրանոցի ծառայողները չիմանային, թե իր կինը հետը չէր գտնվում հյուրանոցում։ Մի քիշ հետո գեղեցիկ կինը, որ տիկին Չեպմեն էր կոչվում, շորերը փոխած՝ իջավ դահլիճը, մի գաղտագողի շնական ակնարկ նետեց հյուրանոցի կառավարչին։ Կառավարիչը ժպտաց։ Տիկին Չեպմենը դուրս եկավ, նստեց ավտոն և կորավ վիթխարի քաղաքում։
Մր. Կուլինզը հեռագիրը տալուց հետո շտապեց իր առևտրական գործին։
Նա ավելի քան 2 000 000 դոլլարի ապրանք էր գնելու իր առևտրական տան համար Նյու-Յորքի զանազան մեծաքանակ ընկերություններից։ Երբ նա առաջին անգամ մտավ Ուուլուորթ շենքը 5 և 10 սենտանոց ապրանքներ գնելու, զգաց, որ տիկին Չեպմենը մտքից չի հեռանում, հիշում է նրա ձայնը։ Սիրտն ուզեց անմիջապես վերադառնալ հյուրանոց, բայց սովորությունը նրան մղեց դեպի առևտուրը, և թեկուզ նա կարծում էր, որ դեպի հյուրանոց է վերադառնում, բայց խոսում էր Ուուլուորթի վաճառողի հետ։ Իր որոշման համաձայն՝ մր. Կուլինզն շտապեց երեք ընկերությունն այցելել։
Տիկին Չեպմենի ավտոմոբիլը կանգնեց Հըդսըն գետի ափի մի վիլլայի առաջ, դրսի երկաթյա դուռը բաց արեց, ծաղիկներով եզերված փոքրիկ կածանից անցավ և երբ մոտեցավ վիլլայի մեծ դռանը, երկու նեգր դուռը լայնորեն բաց արին, և տիկին Չեպմենը մտավ ներս ու բարձրացավ ուղիղ մր. Հոկպկինսի ննջասենյակը։
Մր. Հոպկինսը մի ծերացած կապիտալիստ էր, որ քաշված առևտրական կյանքից՝ ապրում էր այդ վիլլայում և տառապում էր անքնությունից։ Մր. Հոպկինսը իր կնոջը և երեխաներին ուղարկել էր Գերմանիա, Վիսբադեն քաղաքը և ինքն այդ վիլլայում որոնում էր քնելու միջոցներ։
Տիկին Չեպմենը գնում էր մր. Հոպկինսի մոտ, օրական երկու ժամ նրա գլուխը շփում, որպեսզի շփման այդ հեշտանքի տակ մր. Հոպկինսը քնի։ Տիկին Չեպմենը մեկ-մեկ մր. Հոպկինսի չորացած և ոսկրազարդ մարմնին ալկոհոլ էր