Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թղթերը, էլեկտրական կոճակը սեղմեց, որից հետո անմիջապես նեգրը տնկվեց իր առաջ։

— Տար պայուսակը ներքև, ես գնում եմ։

— Շատ լավ,— ասաց նեգրը և թռավ։

Մր. Կուլինզը մի քանի րոպե հետո իջավ ներքև և հյուրանոցի կառավարչից խնդրեց իր հաշիվը։

Հյուրանոցի կառավարիչը ժպտուն դեմքով ներկայացրեց նրան հաշիվը — 250000 դոլլար։ Մր. Կուլինզն ապշեց. մի շաբաթ և 250000 դոլլար ծախս։

— Խնդրեմ, այս ծախսերի մանրամասները տվեք ինձ,— ասաց մր. Կուլինզը խիստ և խորապես վրդովված տոնով։

Հյուրանոցի կառավարիչը դուրս բերեց հաշիվների մանրամասնությունները՝ «տիկին Կուլինզի» ստորագրված ստացականներով։ Դրանից հետո պարզ եղավ մր. Կուլինզի համար, որ «տիկին Կուլինզը» գնել է ադամանդներ, մարգարիտներ, մանյակներ, 15—20 տեսակ շորեր և այլն։

Մր. Կուլինզն ուզեց ասել որ այդ կինն իր կինը չէր, այլ մի պատահական կին, բայց հիշեց, որ ստորագրության տետրում գրել էր՝

«Տեր և տիկին Ու. Ա. Կուլինզ»։

Մր. Կուլինզը մի րոպե կծոտեց իր շրթունքները, հանեց իր գրպանից չեկի տետրը, 250000 դոլլարի չեկը գրեց և դուրս եկավ հյուրանոցից։

Հյուրանոցի կառավարիչն անմիջապես մտավ հեռախոսի բուդկան և զանգահարեց տիկին Դորոթի Չեպմենին։

— Հըլո՛, հըլո՛, Դորոթի՛, ծերունի հիմարը մեկնեց, չեկն ստացա։ Եվ սկսեց շնականորեն հռհռալ հեռախոսի բուդկայում։


9. «ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԿՈՄԵԴԻԱ»

Մեր վաճառատան կառավարիչը հեռախոսի լսափողը կախելուց հետո՝ մոտեցավ ինձ և ասաց.

— Շուտ գնա մր. Ֆինկլշտայնի տունը և տես, թե ինչ