Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արևելյան գորգեր կան, որոնք կարիք ունեն նորոգվելու և մաքրվելու։

— Շատ լավ,— ասացի և դուրս եկա անմիջապես դեպի մր. Ֆինկլշտայնի ապարանքը։

Մր. Ֆինկլշտայնը Ամերիկայի Միացյալ Նահանգների միլիարդատերերից մեկն էր։ Ամերիկայի շատ հարուստների տներում եղել էի շնորհիվ արևելյան գորգերի մասնագետ լինելուս, բայց մինչև այդ չէի եղել Ֆինկլշտայնի բնակարանում։

Մր. Ֆինկլշտայնի բնակարանը գտնվում էր արիստոկրատների թաղում, բլուրի ամենաբարձր կետի վրա, շրջապատված զանազան տեսակի ծառերով, որոնց յուրաքանչյուր ճյուղին դիպել էր մարդկային մկրատը և արվեստական ձև տվել։

Դեռևս ծառուղին չմտած՝ իմ դեմ տնկվեցին երկու նեգր, որոնք պաշտպանում էին մր. Ֆինկլշտայնի բնակարանի մուտքը։ Անմիջապես ներկայացրի մեր վաճառատան այցետոմսը, և նրանք բաց արին դուռը։ Դռանը դիմավորեց երիտասարդ և գեղեցիկ մի սպասուհի, որի սպիտակ գլխանոցը միայն մատնում էր նրա սոցիալական դրությունը։ Բարևեցի սպասուհուն և երկարեցի մեր վաճառատան այցետոմսը։ Սպասուհին իսկույն ինձ հրավիրեց դեպի դահլիճ, խնդրեց նստել, իսկ ինքը հեռացավ այցետոմսը ձեռին։

Դահլիճում ամեն ինչ թանկագին էր, բայց չափազանց պարզ։ Մր. Ֆինկլշտայնի մարմարե բյուստը դրված էր դահլիճի վերևի ճակատին, բարձր պատվանդանի վրա։ Մր. Ֆինկլշտայնի դեմքը ոչ մի խորշոմ չուներ։

— Երևի երիտասարդության բյուստն է,— մտածեցի,— կամ ինքը ցանկացել է, որ վարձու արվեստագետը երիտասարդ քանդակե իրեն։

Պատի օջախում դարսված էին համաչափ փայտեր, որոնց ետևում վառվում էր էլեկտրական կարմիր մի լամպ՝ սոսկ վառվելու իլյուզիան տալու համար։ Աջակողմյան լուսամուտներից, ծառերի արանքում, երևում էր փոթորկալի մի ծով, իսկ ծովի անմիջապես ետևը ցցվում էր հարևանի տան կտուրը։