Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և իմ ընտրած գորգերը, դրանցից մեկնումեկը թող վերցնի։ Որը որ հավանի, ուղարկեցեք մեր բնակարանը, ամսի գլխին կուղարկեմ ձեզ համապատասխան չեկը։

— Շատ լավ, շատ լավ,— ասացի։

Հաճախորդն իմ ազգանունը վերցրեց և գնաց։

Նրա այցետոմսից պարզվեց, որ Նյու-Յորքի ջայլամի փետուրի հայտնի վաճառականներից մր. Ուալդո Շիլդն էր։

— Երևի տիկին Շիլդն Արևելք այցելած կանանցից է, որ կարծում է, թե լինելով Արևելքում՝ ծանոթություն կունենա և արևելյան գորգերի մասին,— մտածեցի։

Հաջորդ օրն իսկ, առավոտյան ժամը 11-ին մեր բաժանմունքը մտավ մի կին։ Վաճառողներից մեկը մոտեցավ նրան, բարևեց և աթոռ առաջարկեց։ Կինը վաճառողի բարևին գլխով պատասխանեց և պայուսակի միջից մի թուղթ հանելով՝ ցույց տվեց վաճառողին։ Վաճառողն անմիջապես նշան արեց ինձ՝ մոտենալ։

— Բարի լույս,— ասաց տիկինն ինձ։

— Բարի լույս,— պատասխանեցի։

— Ես տիկին Շիլդն եմ,— ասաց տիկինը։

— Օ, այո, ես գորգեր ունեմ ձեզ ցույց տալու։

Տիկին Շիլդը թուխ, սևասև աչքերով, կաթնային սպիտակուցով, բարեձև, ճկուն հասակով և տխուր նայվածքով մի կին էր։ Նրա աչքերն արտակարգ փայլ ունեին, կարծես մի լուսաստղ քամած լինեին նրա աչքերում, նայելիս տխուր ժպտում էր, կարծես մի շուշան լիներ մշուշում։

Նա նստեց աթոռին, մինչդեռ ես սկսեցի մր. Շիլդի ջոկած գորգերը ցույց տալ։ Տիկին Շիլդը խոսում էր մաքուր գրական անգլերենով, բայց օտարականի շեշտով։


— Գիտեք,— ասաց տիկին Շիլդը,— ես թեև արևելցի եմ, բայց գորգերի մասին ոչ մի գաղափար չունեմ, ամուսինս համոզված է, որ ես իրանից ավելի լավը կջոկեմ, դրա համար ինձ է ուղարկել այստեղ, բայց հույս ունեմ, որ դուք ինձ կօգնեք, և ես չեմ խայտառակվի իմ ամուսնու առաջ։

— Եթե այդպես է, տիկին, թույլ տվեք այս բոլոր գորգերը ծալել և մի կողմ դնել, միասին ջոկենք մի գորգ, որ ոչ միայն չխայտառակի ձեզ, այլև...