— Միայն չխայտառակվել եմ ուզում,— ընդմիջեց տիկին Շիլդը։
Ես սկսեցի որոնել մի հազվագյուտ գորգ, որպեսզի խոստումս կատարած լինեմ։ Տիկին Շիլդը սփռված գորգերին այնքան ուշադրությամբ չէր նայում, որքան ինձ էր դիտում իր ջերմագին աչքերով։ Ըստ երևույթին, նա ուսումնասիրում էր ինձ, թե արդյոք ես ա՞յն մարդն եմ, որ կկատարի իր խոստումը, որպեսզի ինքը չխայտառակվի ամուսնու առաջ։ Տիկին Շիլդի համար ես ջոկեցի մի Սարուգ, կակուղ բրդի տեսակից, կապույտ ֆոնով և մարջանի կարմիր ծաղիկներով։
— Ի՞նչ արժե,— հարցրեց տիկինը։
— Թանկ է, տիկին, 300 դոլլար արժե,— պատասխանեցի,— բայց որովհետև ձեր ամուսինը չէր ցանկանում 200 դոլլարից ավելի հատկացնել, ես այնպես կկարգադրեմ, որ դուք այս գորգը վերցրած լինեք մեր անցյալ շաբաթվա վաճառքից։
— Իսկ եթե այդպես լինի՞,— հետաքրքրվեց տիկինը։
— Վաճառքի զեղջը 40 տոկոս էր, ուրեմն կարժենա 180 դոլլար։
Տիկին Շիլդի աչքերն արտահայտեցին շնորհակալություն և երախտագիտություն։
— Խնդրում եմ ուղարկել այս գորգը մեր տուն,—ասաց տիկին Շիլդը,— ես կանխիկ կվճարեմ դրա արժեքը։
— Մր. Շիլդը չեկը կուղարկի ամսի գլխին, այդպես էլ խոստացել է, նեղություն մի քաշեք։
— Ոչ, ոչ, ես այժմ կվճարեմ, ունեմ այդքան դրամ, կարող եմ վճարել։
Տիկին Շիլդը հանձնեց փողը, ես ուղարկեցի ֆինանսական բաժինը։
— Այսօր կարո՞ղ եք ուղարկել,— հարցրեց տիկինը։
— Մինչև դուք տուն հասնեք, գորգը կլինի տանը, տիկին,— պատասխանեցի։
Իմ հետաքրքրությունը չափազանց աճել էր արդեն իմանալու համար, թե տիկին Շիլդը Արևելքի որ մասից էր, քանի որ արևելցի էր։