— Ներեցեք, տիկին,— համարձակվեցի ես,— Արևելքե ո՞ր մասից եք եկել դուք։
— Արաբիայից։
— Արաբիայի՞ց։
— Այո, ես արաբ եմ,— պատասխանեց տիկին Շիլդը և խորը հառաչեց։
Այդ հառաչանքի մեջ ես զգացի, որ մի ողբի պատմություն էր թաքնված. ինձ այնպես թվաց, որ այդ հառաչանքը մի եղերերգի վերջին ակորդն էր։ Երկար և կարոտագին նայեցի նրա սևասև աչքերին՝ կամարված սև և նուրբ հոնքերով ու կաթնային սպիտակուցով:
— Դո՞ւք էլ արևելցի եք,— հարցրեց տիկին Շիլդը։
— Այո, տիկին, Թուրքիայից։
Երբ նա իմացավ, որ ես Թուրքիայից եմ, կարոտով նայեց ինձ և շշնջաց.
— Սելաամ...
— Սելաամ...
Նրա ողջույնը մի խուրձ շող էր, որ փաթաթվեց իմ հոգուն։
— Բավակա՞ն ժամանակ է, որ Ամերիկայում եք։
— Մոտ ութ տարի։
— Գո՞հ եք Ամերիկայից։
— Ինչպե՛ս կարող եմ գոհ լինել,— բացականչեց նա և մտավ վերելակը, որի դռնակը այդ րոպեին բացվեց և դեպի ներքև էր գնում։
Վերելակում կանգնած ամերիկուհիների մեջ նա ջոկվեց՝ ինչպես լուսաստղն է ջոկվում ամբողջ երկնքում։
Մի քանի օր հետո տիկին Շիլդը նորից հայտնվեց մեր բաժանմունքում։ Ես անմիջապես ընդառաջեցի նրան։
— Գորգ չեմ գնելու,— անմիջապես վրա տվեց տիկին Շիլդը,— եկել եմ միայն ձեզ տեսնելու։
— Ես ցանկանում էի հեռախոսել, տիկին և հրավիրել