Շիլդի չափազանց քաղաքավարի և սիրալիր ընդունելությունը թույլ չէր տա ինձ ձանձրույթս կոնկրետ կերպով արտահայտել, մանավանդ՝ ամեն անգամ երբ տիկին Շիլդին էին հանդիպում իմ աչքերը, նա նայվածքով խնդրում էր ինձ լսել նրան: Ես դատապարտված էի լսել, և ոչ միայն դատապարտված էի լսել, այլև մր. Շիլդին ընդառաջելու համար` ավելի և ավելի մանրամասնություններ հարցնել
— Չէ, ի՞նչ եք ասում, մի՞թե, դուք այդ թվին մի՞թե Կահիրեում էիք, ո՞ր ամսին, որքա՞ն մնացիք այդ քաղաքում,— և այլն, հարցնում էի մր. Շիլդին։
Նա խորագույն բավականությամբ տալիս էր բոլոր հարցումների նողկալի մանրամասն պատասխանները։
Այս բոլորի մեջ ամենանողկալին պիրամիդների պատմությունն էր։ Նա սկսեց պատմել պիրամիդների պատմությունը, մի այնպիսի պատմություն, որպիսին կարելի է գտնել հին ազգաց որևէ պատմության գրքում, մի պատմություն, որպիսին ամեն մարդ անցնում է միջնակարգում բավարար մանրամասնությամբ։
Ես նկատեցի, որ մր. Շիլդն այնքան էլ հիմար մարդ չէ, բայց նա ճգնում է ինձ զբաղեցնել, մի բան, որ ես վերագրեցի միայն նրա չափազանց հյուրասիրական զգացումներին։ Այնուամենայնիվ, ես շատ հանգիստ էի զգում ինձ, որովհետև, եթե ամերիկացիները հյուրին չեն սիրում, անմիջապես զգացնել են տալիս, մի բան, որը ես շատ բարձր էի գնահատում, որովհետև նախընտրելի է, որ մեկը վռնդվի մի տնից, քան կեղծավոր հյուրասիրություն վայելի։
Վերջապես, ժամը 11-ին ես ցանկություն հայտնեցի հեռանալ, որովհետև հոգնեցի չափազանց ուշադրությունից։
Վերջին անգամ նայեցի արաբուհուն և տեսա, որ թախծել էին նրա աչքերը։
Մր. Շիլդը չցանկացավ իմ օձիքը բաց թողնել, նա առաջարկեց տանել ինձ իմ բնակարանը իր սեփական ավտոմոբիլով։ Շատ պնդեցի, որ ավելորդ նեղություն է հանձն առնում իմ նոր բարեկամը, բայց նա համառեց, իսկ Թալիբի դուստրը էլի իր նայվածքներով խնդրում էր ինձ՝ չմերժել իր ամուսնու առաջարկած պատիվը։