Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Համաձայնեցա։ Արաբուհին ինձ ճանապարհ դրեց հենց իրենց հյուրասրահից։ Մր. Շիլդի հետ ես իջա ներքև, բնակարանի ետևի կողմը, որտեղ գտնվում էր սեփական գարաժը։ Շիլդն անձամբ «ոգևորեց» մեքենան և ինքն էլ սկսեց քշել։

Երբ մենք ճանապարհ ընկանք, Շիլդը լռեց.

Այդ շատախոս մարդը կարծես ոչինչ չուներ խոսելու։

— Երևի, ինչ որ գիտեր, սպառեց արդեն,— մտածեցի։

Նա մեքենան քշում էր աննկարագրելի արագությամբ, տալով ինձ թռչելու մոտավոր պատրանքը, այնպես որ ես ստիպված եղա հիշեցնել մր. Շիլդին Նյու-Յորք քաղաքի անցուդարձային օրենքները։

— Ա՛հ, դուք օրենքի մասի՞ն եք խոսում,— հանկարծ բացականչեց մր. Շիլդը։

Նրա ձայնը հնչեց արտակարգ տարօրինակ, կարծես միևնույն մարդը չէր այլևս։ Նա ինձ չէր նայում, կծել էր սիգարը, ուղիղ նայում էր ճանապարհի երկարությամբ և հետզհետե ավելացնում մեքենայի թափը։ Սկզբում միամտորեն վերաբերվեցի, բայց հանկարծ իմ մեջ ծագեց այն միտքը, թե չլինի՞ այս մարդը հեղակարծորեն սկսեց կորցնել իր դատողությունը։

Մի անգամ էլ ուզեցի ստուգել նրա մտավիճակը։

— Մր. Շիլդ, ի՞նչ կարիք կա ավելորդ տուգանք վճարելու։

— Օրենքը լավ բան է, տուգանք վճարելն էլ լավ բան է,— պատասխանեց մր. Շիլդը բոլորովին անհասկանալի ինտոնացիայով։

Ես լռեցի, համոզված լինելով, որ ահա մի ոստիկան կկանգնեցնի, տուգանքը կնշանակի, և ես առիթ կունենամ ցտեսություն ասելու մր. Շիլդին։

— Դուք լա՞վ գիտեք այս երկրի օրենքները, երկար լռությունից հետո հարցրեց ինձ մր. Շիլդը՝ ատամները կրճտացնելով։

— Մի քիչ գիտեմ,— պատասխանեցի։

Մր. Շիլդը հանկարծ քաշեց ավտոմոբիլի արգելակը, որից մեքենայի «ոսկորները» կարծես ողբացին, կանգնեցրեց