մեքենան։ Ես կարծեցի, թե մեքենային ինչ-որ բան պատահեց. աճապարեցի դուրս ցատկել։ Շիլդն էլ դուրս թռավ իմ ետևից և մոտենալով ինձ՝
— Դուք լա՞վ գիտեք այս երկրի օրենքները,— հարցրեց դրամատիկական տոնով։
Մենք գտնվում էինք էլեկտրական լույսի տակ, և ես Շիլդին արդեն տեսնում էի ամբողջությամբ։ Նրա նայվածքը գազանային էր, կոպերն արյունով լցվել, ատամների սղմումից թշերը փոսացել էին։ Նա պարզապես իր ժանիքն էր կախել իմ վրա։ Ես զգացի, որ այդ վայրը մեկնումեկիս կառափնարանն է հանդիսանալու։ Սիրտս կարծես ուռեց, և բարկության մի անօրինակ ալիք խփեց իմ գլխին։ Իմ բարկության պատճառն այն էր, որ դիմացինս իրան տեղացի, բնիկ «ընտրյալ» էր կարծում, իսկ ինձ՝ օտարական։
— Փոխեցե՛ք ձեր տոնը,— հրամայեցի ես կեղտոտ բնիկին։
— Պատասխանեցե՛ք ինձ, դուք լա՞վ գիտեք այս երկրի օրենքները։
— Ասացի՝ մի քիչ գիտեմ։
— Մի քիչ գիտենալը բավական չէ, պետք է շատ լավ գիտենալ և պիտի գիտենալ բարոյական օրենքները ևս,— պատասխանեց Շիլդը և զայրույթով շարունակեց.— Եթե դուք չսովորեք այդ օրենքները, սա ձեզ րոպեապես կսովորեցնի, հարեց և գրպանից դուրս բերեց մի ատրճանակ ու բռնեց ուղիղ բերանիս դեմ։
Ես նրան պատասխանեցի ատրճանակի մութ խողովակում։
— Ես ձեր բարոյականը չեմ որդեգրի երբեք։
— Որդեգրել կտամ։
— Ի՞նչ եք ուզում ասել վերջապես։
— Վերջին անգամ լինի, որ դուք տեսնում եք իմ կնոջը. ես միայն իմ կնոջը խնայեցի, եթե ոչ որոշել էի սպանել ձեզ իմ տան մեջ։
— Այսքա՞ն։
— Առայժմ այսքան։
Նա դրեց ատրճանակն իր գրպանը և հարեց.