Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Գուդ-բայ...

— Գուդ-բայ...

Շիլդը հեռացավ իր ավտոմոբիլով, իսկ ես քայլեցի դեպի ստորերկրյա տրամվայի կայարանը։


* * *

Ամբողջ գիշերն ինձ մի միտք էր տանջում՝ չլինի՞ թե միստր Շիլդն իրան հերոս կարծեց։

5

Հաջորդ օրն իսկ, առավոտյան ժամը 10-ին իմ դեմ կանգնեց մեր վաճառատան համազգեստ հագած մի բոյ (տղա), որ շենքում սուրհանդակի պաշտոն էր վարում և երկարացրեց մի այցետոմս։ Այցետոմսը վաճառատան տիրոջ այցետոմսն էր, որի վրա գրված էր.— հաճեցեք մի րոպեով անցնել ինձ մոտ։

— Որտե՞ղ է այժմ նա,— հարցրեցի բոյին։

— Օֆիսումն է,— պատասխանեց բոյը։

— Շատ լավ։

Ինձ ընդունեց քաղաքավարությամբ և սիգար առաջարկեց։

— Դուք չափազանց վիրավորել եք մեր կարևոր հաճախորդներից մեկին,— սկսեց վաճառատան տերը։

— Չեմ հիշում, թե որևէ հաճախորդի վիրավորած լինեմ։

— Դուք վիրավորել եք մր. Շիլդին, ջայլամի փետուրի վաճառականին։

— Ես նրան երբեք չեմ վիրավորել. ամենայն հոգածությամբ սպասարկել եմ նախ՝ իրան, ապա՝ իր տիկնոջը. գնված գորգից երկուսն էլ շատ գոհ են մնացել,— բացատրեցհ։

— Այդ տեսակետից չեմ ասում, դուք ցանկացել եք խաղեր խաղալ նրա տիկնոջ հետ։