Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բայց դա ի՞նչ կապ ունի վաճառատան հաճախորդի վիրավորանքի հետ։

— Իմ սիրելի սըր, շարունակեց դիմացինս՝ ուղղվելով իր աթոռի վրա,— դուք տիկին Շիլդին ծանոթացել եք իմ վաճառատան արևելյան գորգի բաժանմունքում, ծանոթացել եք մեր առևտրի միջոցով և դուք պարտական էիք պահել այս վաճառատան մեջ ընդունված բարոյականը։

Ես անմիջապես որոշեցի կարճ կապել։

— Պարոն, ինձ համար բացարձակապես պարտադիր չեն ձեր բարոյականները, ես ազատ եմ իմ անձնական կյանքում։

Դիմացինս իր ամբողջ կյանքում երևի չէր հանդիպել այսպիսի պատասխանի, որովհետև նա ուղղակի ապշեց իմ պատասխանից։

— Ուրեմն կարող եք ձեզ բոլորովին ազատ զգալ։

— Խնդրեմ, այս րոպեից։

Նա դեմքը կախեց սեղանի վրա դրված բլոկ-նոտի վրա և մի բան գրելով՝ ինձ երկարացրեց։

Նա գրել էր հաշվապահությանը, որ ինձ վճարեն երկու օրվա աշխատավարձ և մի շաբաթական ևս՝ իբրև լիկվիդացիա։

— Ներեցեք, պարոն, ես պայմանագրություն ունեմ,— ասացի և գրպանիցս հանելով պայմանագիրը՝ դրի սեղանի վրա։

— Հիմարություն են արել այսպիսի պայմանագրություն կնքելով քեզ հետ,— մրթմրթաց վաճառականը և էլեկտրական կոճակը սղմեց մենեջըրին[1] կանչելու համար։

— Ինչո՞ւ եք այսպիսի պայմանագիր կնքել այս պարոնի հետ,— հարցրեց մենեջրրին։

— Նման մասնագետի հետ ուրիշ կերպ չէի կարող,— բացատրեց մենեջըրը։

— Օ՛, այո,— բացականչեց վաճառականը։

Պարոնն այն մարդկանցից էր, որ շատ բաներ չէր հասկանում, բայց մի որևէ առևտրական հարց անմիջապես ըմբռնում էր։

  1. Վարիչ։