ման եկած փողոցներում, դա ինձ ավելի կոգևորի, ավելի կներշնչի, քան րոլոր սրբերը երկնքում կամ բոլոր սուրբ վայրերը երկնքում և երկրի վրա։ Եթե իմ կեղծավորությունն այդքան երջանկություն չպիտի կարող լինի պատճառել ինձ, թքել եմ կեղծավորության էլ վրա։
Մի քիչ դադարից հետո՝ վերսկսեց Ասատուրը.
— Հիմա լույս է այնտեղ, Կլեոպատրան զարթնեց, օրորվում է իր անկողնում, մազերը ճառագայթների առատությամբ թափվել են նրա ուսերի վրա, աչքերից դեռ չեն փախել գիշերվա երազները։ Սրիկա՛, հեռացի՛ր...— Ոտքի ցատկեց Ասատուրը և սկսեց ապուշի նման նայել տարածության մեջ։
— Ի՞նչ կա, ի՞նչ պատահեց,— հարցրի գլուխս վեր բարձրացնելով լրագրի ընթերցումից։
— Ոչինչ, մտածում էի Կլեոպատրայի մասին, ինձ այնպես երևաց, որ ամուսինը...
— Հա՜, հա՜, հա՜, հա՜, ուզում ես Ամերիկայից մինչև Եգիպտոս պաշտպանե՞լ նրան, ինչ է։
— Դու չես ճանաչում նրան, Կլեոպատրայի ամուսնուն, նա ճիվաղ է։
— Քեզ այնպես է թվում։
— Ոչ, նա իսկապես ճիվաղ է։
Ասատուրի աչքերը կատաղությունից արյունակալեցին։
— Պետք է գնամ, ես պետք է ստիպեմ եկեղեցու հոգաբարձության, որ ավելի շուտ ուղարկեն ինձ, քան ծրագրում են, պետք է գնամ և այստեղ փոխադրեմ Կլեոպատրային։
— Ասատո՛ւր,— գոչեցի խիստ տոնով։
— Ես իմանում եմ ինչ պետք է ասես, մի ասի, դու մեղադրում ես ինձ, իրավունք ունես, բայց իրավունք ունես նրա համար, որ չես տեսել դու Կլեոպատրային, դու չես իմանում, թե այդ հարավուհին ինչ աչքեր ունի։ Հավատացնում եմ քեզ՝ նա արևից պոկված մի մասնիկ է, այրում է, այրում է նա ինձ՝ ինչպես հարավի արևն է այրում ավազների վրա ընկած խեփորը։ Ես նրանից մի եգիպտական հեքիաթ եմ լսել, պատմեմ քեզ՝ լսիր. այդ հեքիաթը հենց ինքն է՝