Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կլեո պատրան։ Չեմ կարծում, որ այդպիսի հեքիաթ երբևիցե գոյություն ունեցել է եգիպտական ժողովուրդների մեջ, բայց նա պատմել է, այդ հեքիաթը հենց ինքն է, հարավի հրավայռ այդ կինը։

Ասատուրը սիգարը մինչև իր հոգու խորքը քաշելուց և քուլաները դուրս տալուց հետո՝ սկսեց.

— Մի աղջիկ է եղել, որ ծնվել և մեծացել է Նեղոսի ափին։ Նա ունեցել է դեղին աչքեր, վառվռուն՝ ինչպես այրվող նարինջներ, տեսե՞լ ես դու նարինջը Եգեական կղզիներում։ Նրա հասակը ճկուն և գալարուն է եղել ինչպես ծովառյուծի մարմինը հյուսիսի ջրերում, մազերը սև և փայլուն են եղել՝ ինչպես սև ադամանդը, նրա մարմինը եղել է թուխ, այնպիսի թխություն՝ ինչպիսի թխություն ստացվում է շաքարափոշու և սրճափոշու խառնուրդից։ Տասնվեց տարեկան հասակում նրա շրթները կարմրել են՝ ինչպես կեռասը մեր երկրում, ստինքները հասունացել են, դողով բռնվել։ Եվ մի օր էլ մորուսավոր, կնոջ և երեխաներին լքած անապատի մի ավազակ, հափշտակել է նրան, դրել ձիու վրա և տարել հեռուները։ Առաջին անգամ՝ նա ժպտացել է հարավի գաղջ քամու դեմ սուրալիս, բայց երբ ավազակի մորուսը հպել է շրթներին, աղջիկը ճչացել է, ազատվել նրա ձեռքերից և թռել դեպի Նեղոսը։ Նեղոսի ալիքները նրան գրկել են բարձր, տարել, հանձնել են ծովուն։ Ծովից մի թևավոր կապուտաչյա տղա է դուրս եկել, գրկել նրան, բարձրացրել վեր, նրա սև մազերը խառնվել են ծովի կաթնամաքուր փրփուրներին, գնացել են, գնացե՜լ, գնացե՜լ, մինչև հասել են մարդկանց անծանոթ մի կղզի։ Տղամարդը փարվել է նրա շրթունքներին, ու դարեր են անցել, դարե՜ր, դարե՜ր, իսկ նրանցից և ոչ մեկը չի ցանկացել պոկ գալ։ Գիտե՞ս,— շարունակեց Ասատուրը,— Կլեոպատրան ինձ պատմեց այդ հեքիաթն այն առավոտյան, երբ զարթնեց և տեսավ, որ իմ շրթունքները իր շրթունքներից չէին հեռացել կես-գիշերից մինչև առավոտ։ Իսկապես, դարեր բավական չեն մի համբույրի համար,— գոչեց Ասատուրը և լռեց։

Իմ սենյակում տիրեց լայնատարած լռություն, միայն հարավի ինչ-որ շունչ դողդողում էր իմ շուրջը՝ դրսից լսվեց