թափանցիկ չէր, և մի ավել, որ անգործածելի լինելուն համար դարձել էր սարդի բույն։
Նազար աղան, բացի պատրաստի նամակներից, ժառանգական և ամուսնական դատերի համար աղերսագրեր էր գրում: Այդ աղերսագրերը նա արտագրում էր մի հաստափոր գրքից, փոխելով անուններն ու թվականները։
Պատրաստի նամակի համար ստանում էր տասը փարա, իսկ աղերսագրերի համար՝ 60 փարա։
Արդյոք Նազար աղան մի օր մտածե՞լ էր հորաքրոջս մասին։ Չեմ կարծում, որովհետև մեր տան լուսամուտի առաջից անցնելիս՝ քիթը վեր չէր առնում և հորաքրոջս մտիկ չէր տալիս։
Մի անգամ Նազար աղայի մասին հարց տվի մորս։ Նա ասաց․
— Աղեկ մը չեմ հիշեր, տղաս, շատ տարի առաջ այդպես խոսք մը եղավ, բայց խոսքն ալ խոսք մնաց։
Ես բաղնիս գնում էի մեր տան կանանց հետ։
Մինչև հիմա էլ չեմ սիրում արևելյան բաղնիքը, որովհետև մինչև հիմա էլ հիշում եմ կավերի հոտը, գոլորշին, սիրտ մարեցնող տաք և խըշխըշ ջուրը և կանանց բլրացած ճարպն ու միսը։
Հորաքույրս բաղնիքում միշտ լողանալով չէր զբաղվում։
Նա ամենայն ուշադրությամբ և չարությամբ դիտում էր հասունացած աղջիկներին, որպեսզի դուրս գար բաղնիքից և սկսեր խոսել և բամբասել։ Բաղնիքից անմիջապես հետո չէր կարող դռնե-դուռ մտնել և սկսել բամբասանքը, որովհետև հոգնած էր լինում, այնքան չեչքար էր քսում մարմնին և վառող-թափող դեղեր էր գործածում։
Բայց հաջորդ օրը հորաքրոջս օրն էր։ Յուղոտում էր ծնոտները, անտիկ շալը գցում գլխին, ընկնում հարևանների տները։
Մտնում էր Եղիս խանումի մոտ։
Եղիս խանումը մի կին էր, որ իր իսկ շվաքից էր վախենում,