Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ակռաներդ բացիր ու կծծղաս, իշու անո՞ւն լսեցիր,— վիրավորվեց Փալանճի Գրիգորը։

Թորիկը վայրկենապես լրջացավ, բայց ուզում էր ասել, թե իշու ձայն լսեց, բայց լռեց՝ վախենալով ապտակից։ Փալանճին շարունակեց․

— Դուն չկարծես քի էս արհեստը դյուրին արհեստ է, չէ, յավրում, չէ, ամեն արհեստ իրեն փյուֆ երին[1] ունի...

— Ունի, Գրիգոր աղա,— մեքենաբար ձայնակցեց Թորիկը։

— Հը՛, իշտե էդ փյուֆ երին տի սորվիս։

— Կսորվիմ, Գրիգոր աղա, բան մը չէ։

— Մենծ-մենծ մի խոսա, բոյդ կտեսնանք։

Եվ Թորիկն սկսեց աշխատել։

Սկզբներում կարել, խոտ լցնել, չվան պատրաստել և այլն՝ կարողացավ յուրացնել, բայց երբ հասավ դժվարին մասին՝ փալանի արտաքին ձևավորման, Թորիկը կանգ առավ։

Սկսվեցին Թորիկի և Փալանճի Գրիգորի միջև լուրջ անախորժություններ, մինչև այն աստիճան, որ Փալանճին խանութում, ուրիշների ներկայության, Թորիկի վրա բղավում էր․

— Ծո՛, իշո՛ւ գլուխ, փալան մըլ քըզի համար պետք է շինել, քառասուն անգամ ըսի, բեյնդ չմտա՜վ։

— Գրիգոր աղա, էշը ի՞նչ գիտե,— առարկում էր Թորիկը։

— Էշը հայվան է, չի գիտեր, տե՞րն ըլ հայվան է, ծո՛։

Երբեմն վեճն այնքան էր տաքանում, որ Թորիկը թողնում էր խանութը, գնում տուն և ասում Թուրվանտա Քորոյին։

— Թուրիկ մոքոր, Գրիգոր աղաս ընծի չի հավնիր, ալ խանութ չեմ երթար։

— Ամեն մարդ ըլ արհեստը էդպես կսորվի, օղո՛ւլ, իրեն գլխուն ըլ էնքան են զարկեր...

Թորիկը, գլուխը կախ, վերադառնում էր խանութ։

  1. Գաղտնիքի իմաստով։