Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որի տան լուսամուտների վարագույրները միշտ փակ էին, ուրիշի անունը չէր արտասանում, որպեսզի մի գուցե բամբասանք չդառնա։ Եղիս խանումն ուներ մի տղա (40 տարեկան) և մի աղջիկ (35 տարեկան)։ Որդուն չէր պսակել, որպեսզի քաղաքում խոսք-զրույց չլինի, իսկ աղջկան էլ տեսնող չէր եղել, որ ուզեր։

Մայրը նրան տարին մի անգամ միայն դուրս էր հանում, այդ էլ միայն եկեղեցի տանելու համար։ Կանգնեցնում էր վերնատան ետևը, թույլ տալով միայն, որ քթի մի մասը և երկու աչքերի միայն մեկն ազատագրի երեսի քողից։

Հորաքույրս դիտմամբ երևակայում էր, որ Եղիս խանումը միտք ունի Գուվար խանումի աղջիկն ուզելու որդու համար։ Հորաքույրս սկսում էր բամբասել Գուվարի աղջկան, որին բաղնիսում տեսել էր բոլորովին մերկ։

— Կռնակի վրա երկու դանակի նշան կա, ով գիտե ի՞նչ հիվանդություն ունի, չըլլի թե Սմբատիդ համար ուզես,— բամբասում էր հորաքույրս:

— Սմբատս հալա կարգվելու չէ,— պատասխանում էր Եղիս խանումը։

Իսկ Սմբատը 40 տարեկան էր։

— Պարտք սեպեցի քըզի ըսիմ,— ավելացնում էր հորաքույրս։

Մտնում էր ուրիշ տուն։

— Հազարախան խանումի աղջիկը ճռվները (սրունքները) դեղ կքսեր, հալբեթ հիվանդություն ունի։

Մի ուրիշ տեղ՝ մի աղջկա մասին։

— Երեսը տեղն է, բայց մարմինը չորտոտ, իմ մարմինս քեզ օրինակ։

Մի ուրիշի մասին.

— Մարմնի վրա տղամարդու պես մազ ունի։ Սիրտս խառնեց։

Այսպես անվերջ, առանց հոգնելու, առանց հագենալու։

Մի օր բաղնիսի դրսի ընդհանուր սրահից մի կին ներս մտավ մեր լողանալու բաժինը և խնդրեց մորիցս, որ թույլ տա այստեղ լողանալու։

Կինն սկսեց լողանալ մորս թույլտվությամբ։