Մայրս գնաց դուրս։
Հորաքույրս եկավ և հրամայեց կնոջ, որ անմիջապես դուրս ելնի։
— Վարթեր խաթուն,— ասաց Օղաբեր խաթունը,— Մարգարիտ խանումը հրաման տվեց։
Օղաբերը զայրացավ։ Սա էլ մեղմ կանանցից չէր։
Սկսեցին իրարու խոսքեր կանչել — գնա, չեմ գնա, դուն ո՞ր շուն ես, հալա կհաչես — դիպան իրար։
Օղաբերի ազգականները հավաքվեցին, բացվեց տրագի-կոմեդիայի վարագույրը։
Օղաբերը և նրա մի քանի ազգականները վար առին իրենց եվայությունը ծածկող շորերը, բաղնիսի ծանր թասերը փաթաթեցին մեջը և հորաքրոջս ձգեցին մեջտեղը։
Մեկի ոտը սլլաց, ամբողջ հասակովը փռվեց հատակին, մսերը ճմլվեցին, բայց ոտի կանգնեց ավելի կատաղած։
Հորաքույրս թասի հարվածներին պատասխանում էր բաղնիսի աթոռով, խփում էր ծնկներին և ոտի ոսկորներին։ Հարված ուտողներն աղիողորմ ճչում էին և ուշաթափվում։ Վերջին ճիգով հորաքույրս նետեց աթոռը Օղաբերի վրա և ինքն էլ ուշաթափվեց։ Մայրս վրա պրծավ և դադարեցրեց կռիվը։ Ես շուտով հագնվեցի, որ գնամ և կառք բերեմ հորաքրոջս տուն փոխադրելու համար։
Մեր տան գլխավոր ծառայի անունը Գրիգոր էր, բայց մենք կարճ՝ Գոգո էինք ասում։
Գոգոն տնից դուրս, հարևանների համար, մեր տան ծառան էր, բայց իսկապես նա մեր տան դիրեկտորն էր, ինչպես հայրս էր ասում։
Գոգոն միջահասակ մի մարդ էր, կարմրած աչքերով, լայն, հզոր ուսերով, խոշոր ոտներով, ծանրաշարժ, ֆեսի բոլորտիքը մի չիթ կապած, որը ծածկում էր ճակատի կեսը։ Նա դրսից բանջարեղեն և միս էր բերում տուն, պարտեզն էր խնամում, հորից ջուր էր քաշում, բաղնիսը բոխչա էր տանում,