Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձմեռը տանիքից ձյուն էր թափում, աղբ բերողի հետ պայման էր կնքում, միսն էր ծեծում և այլն, և այլն։

Այս բոլորից բացի (այստեղից էլ նրա դիրեկտորի կոչումը), նա ջոկում էր կատարում տան հյուրերի մեջ։ Իր չսիրած մարդուն պարզապես նա ասում էր.

— Քո սֆաթդ ինձ շատ խոշ չի գար, այս տեղերը շատ մի քսվռտվիր։

Հայրս նրան սաստում էր, որ իր գործերին միայն նայի և «քիթը չխոթե ուրիշի գործերուն» մեջ, բայց Գոգոն համառությամբ շարունակում էր։

Նա գտնում էր, որ դա իր գործն է։

Հայրս պատվիրում էր նրան գնալ և, օրինակի համար, կանչել Մարտիրոս էֆենդուն՝ նարդի խաղալու։ Մարտիրոս էֆենդին Գոգոյի չսիրած տիպերից էր, բայց միաժամանակ չէր ուզում, որ հորս կամքի դեմ ըմբոստացած լինի և գնում էր, գնում էր ոչ թե Մարտիրոս էֆենդուն գտնելու, այլ բազարում մի քիչ ման գալու, վերադառնալու և ասելու.

— Մարտիրոս էֆենդին տունը չէր։

Գոգոն մեր տանն ապրել էր 35 տարի։ Եվ այդ երկար ժամանակը նրան իրավունք էր տվել հսկելու այդ տանը՝ ամբողջական սրտով և հոգով։ Մեր տնից աղջիկ տանողը նրան էլ պետք է հարցներ, եթե տունը նոր հարս բերեինք՝ նա էլ պետք է գնար և հավաներ։

Տանը բոլոր տնտեսությունը հանձնված էր նրա խղճին և խելքին։ Ամեն քարի կտորի, տաշեղի, կարտոֆիլի և սոխի գլխի համար նա ցուցահանում էր խորը հոգատարություն:

Մի օր Գոգոն տուն եկավ և տեսավ, որ հայրս վարպետներ է ուղարկել ամբողջ սենյակները սպիտակացնելու համար։ Գոգոն նախ զայրացավ, երկրորդ՝ նա հարցուփորձեց ու գտավ, որ կարելի էր մի քիչ ավելի էժան վարձել վարպետներին։ Մի քիչ մտածելուց հետո՝ նա վճռականորեն ետ ուղարկեց վարպետներին և ուրիշներին բերեց ավելի էժան, առանց նկատի առնելու, որ հայրս պայմանավորված էր նախկին վարպետների հետ։

Գարնան, երբ կովը սկսում էր բառաչել և մինչև անգամ