Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամիսներսվ ո՛չ բաղնիս գնաց, ո՛չ շուկա, ո՛չ եկեղեցի և ո՛չ էլ որևէ ծանոթի տուն։

— Մնամ տունը, մինչև աստված կանչե, երթամ քովը,— ասում էր Թուրվանտա Քորոն։

Անժելն էլ տնից դուրս չէր գնում, զբաղվում էր գիշեր և ցերեկ տան գործերով, որպեսզի բամբասանքն ավելի չկատաղի, բայց Թորիկի փույթը չէր, նա հպարտությամբ ման էր գալիս քաղաքում՝ ֆեսը ծռած ճակատի վրա։

— Որո՞ւն աղջիկը անառակ չէ, ըսեք,— ասում էր նա,— Անդոյենց միջնակ աղջիկը չափան օինը հանե՞ց, Դեմիրճօղլոնց աղջկան փորը չի լեցուցի՞ն, ո՞ր մեկն ըսեմ, ծո, Սըրմա հանըմին աղջիկը տանը ծառայեն փիճ չունեցա՞վ, Չավուշյան Քերոբ աղայի հարսը կառապանին հետ չի փախա՞վ, ծո, ո՞ր մեկն ըսեմ:

Այդ բոլորն իրողություն էր, բայց նրանցից ոչ մեկը չէր անվանարկվում։

Մի օր Անժելը լաց եղավ և ասաց.

— Թորիկ, իմ անգինս, ես երթամ ուրիշ քաղաք, դուն ազատվե այս բամբասանքեն։

— Ի՞նչ կըսես, խենթեցա՞ր, դուն ընծի համար սուրբ ես, մայրիկ աստվածածինեն ըլ սուրբ ես։

Անժելը փարվեց Թորիկին։

Կարճ ժամանակի ընթացքում Թորիկի տունն ավելի ու ավելի կերպարանափոխվեց՝ լուսամուտներին վարագույրներ կախվեցին, բոլոր աթոռները և թախտերը սպիտակ սավաններով ծածկվեցին, պատերն սպիտակ ներկվեցին, ներկվեցին դռների ու լուսամուտների փեղկերը, միջանցքի հատակը տախտակվեց, տան ամեն մի անկյունում թաղարներ դրվեցին, և ամեն առավոտ շողացին նրանք գույնզգույն ծաղիկներով, տան ետևի փոքրիկ, շատ փոքրիկ և անխնամ պարտեզում մարգեր շինվեցին և ծաղիկներով վառվեցին, Թորիկի վրա-գլուխը հիմնականորեն վերափոխվեց՝ բեղերը կանոնավոր ստորակետների նման տնկվեցին քթի երկու կողմերին, փոխանակ թափվելու բերանի վրա, փոթփոթ շալվարին փոխարինեց եվրոպական փանթալոնը, վառվռուն գույներով