Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին այնքան խոսվեցավ, որ իր մեծնալեն հետո՝ ինքն ալ լսեց և հավատաց անոր։

Երբ մեկ քանի օր հետո մայրիկը առավ երեխան իր գրկին մեջ ծիծ տալու՝ միացավ դայեկի կարծիքին, որովհետև իր մանուկներեն և ոչ մին այդպիսի խոժոռ նայվածքներ ուներ և այդպիսի գոռոզ և ռազմընդունակ ճիչ։ Իր մեծ քույրերը, որոնք անհունորեն ոգևորված էին նոր մանուկով՝ նույն դիտողությունն ըրին։ Հայրն ալ մոտենալով իր կնոջ անկողնին, նստեցավ անոր ոտքերուն քովիկը, բռնեց անոր ձեռքը և ըսավ.

— Այս նոր տղանիս ուրիշ բան է․․․

— Չեմ կարծեր, պատասխանեց կինը մայրական կոկետությամբ, Տիգրանս ալ այդպես էր, բայց հետո հանդարտեցավ, ակնարկելով իր անդրանիկ զավակին։

Հայրը չհամոզվեցավ։

— Տիգրանը ուր, սա ուր, աքլորները մեզմե աղեկը գիտեն, այս տղան նշանավոր մարդ պիտի դառնա։

Մորը աչքերուն մեջ հայտնվեցան երջանկության լայն ցոլքեր, գլուխը ծռեց երեխայի վրա, դուրս ձգեց իր լեփ-լեցուն ծիծերը և հանձնեց Տիրատուրին, որ ատեն Ակոբ աղան ծռեցավ և մանուկը համբուրել ձևացնելով՝ համբուրեց կարոտագին Տիրատուրի մոր ծիծը։ Տիրատուրը կաթը ծծած ժամանակն իսկ փոքրիկ մռնչյուններ կարձակեր և ոտքերը անհանգիստ էին։

Մինչև անգամ Տիրատուրը մկրտող քահանան երբ տուն եկավ և աղոթք մը կարդաց՝ հարեց.

— ․․․Եվ ծնավ մանուկ մեծ և սքանչելի։

Այս զրույցի ազդած պատկառանքին տակ Տիրատուր մեծացավ դառնալով իր ծնողներու առանձին գուրգուրանքի առարկա։ Նախքան ծխական վարժարան մտնելը անիկա արդեն ծանոթ էր բոլորին իբրև արտակարգ տղա։ Հայրը, որ քիչ շատ գրել-կարդալ գիտցող մարդ էր և նաև կը հասկնար եվրոպական պատմութենե՝ իր Տիրատուրի մասին խոսած ատեն մը զայն կոչած էր Բուրբոն։ Այս նոր անվանակոչությունը այնքան ալ պատահական չէր։ Հայրը կարդացեր էր Ալեքսանդր Դյումայի վեպերը և ծանոթ էր ֆրանսական միապետության