Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օրինակի համար կըսեր. «Սուռբ Օգոստինոսը և Սավոնարոլան, Ռիշլյո և Միրաբո, Շեքսպիր և Տոլստոյ»։

Այս կարգի ամբոխավարությունը չի կրցավ գոհացնել մեր Բուրբոնի հոգին և դիմեց ազգային ամբոխավարության։

Անիկա հավաքեց չմշկածագցի հայրենակից ուսանողներեն մեկ քանին իր սենյակին մեջ և անոնց խոսեցավ իր խորունկ ճառերեն մեկը։ Թեև Բուրբոնի սենյակին մեջ գտնվող ուսանողները թվով 4 հոգի էին, բայց Բուրբոն հանդիսավոր կերպով ոտքի կանգնեցավ, սեղանին տեղը փոխեց և բարձրաձայն արտասանեց հետևյալ ճառը.

— Հայրենակիցներ և ընկերներ, սկսավ անիկա, ես չմշկածագցի եմ և ատոր համար է, որ բոլորը ինձ կը նախանձին։ Դուք գիտեք, թե ինչպես ես կարողացած եմ պապանձեցնել բոլորը իբրև... չմշկածագցի, դուք գիտեք թե ես փառքն ու պարծանքը եղած եմ մեր հայրենի գավառին, թերևս դուք չեք գիտեր, որ միայն իմ, Բուրբոնիս, մղած ջանքերով դուք չվռնտվեցաք վարժարանեն (բոլորը իրարու երես սկսան նայիլ, տեղեկություն չունենալով մի այդպիսի հարցի)․ դուք գիտեք թե ինչպես ես, Բուրբոնս, հակաճառած եմ բոլորին և հաղթած անոնց, ճակատներուն տալով արդարության թուքն ու մուրը, դուք գիտեք, թե ես ինչպես պաշտպանեցի երկու ամիս առաջ խաչյալ... Քրիստոսը, դուք չեք գիտեր, թե ի՞նչ ստորին զրպարտություններ եղան մեր հայրենակից ուսանողներու հասցեին, բայց ես պաշտպանեցի, եթե ես չըլլայի, ես, ես, ես չըլլայի, հիմա դուք փողոցները կը թափառեիք։ Այս բոլոր ահռելի ճակատամարտներու համար Կոլեջի ֆակուլտետն ինձ կը զրկե կիրակի օրվան շրջանավարտից հանդեսի ճառախոսության փառքեն։ Այս բոլոր զրկանքը ձեր երեսեն։ Ահա կը դիմեմ ձեզ պաշտպանել ինձ, կը հրամայեմ ձեզ պաշտպանել ինձ։

Ուսանողները իրարու երես նայեցան։ Բոլորն ալ համոզված կը թվեին Բուրբոնի փաստերով։ Մեր մոլորակի մարդոց շատ ընտրյալ թիվ մը կարող է դիմանալ ուժեղ ամբոխավարության։ Անոնք արդեն համոզված էին, որ իրենք պետք էր վռնդված ըլլային, եթե Բուրբոն «ահռելի ճակատամարտներ»