Գոգոն սաստիկ ջղայնանում էր, երբ սպիտակ պատերի վրա մատիտի խզբզոցներ էր գտնում և եղունգի քերծվածքներ։ Նա քննության էր ենթարկում բոլորիս մատիտներն ու եղունգները և վերջապես գտնում էր հանցանքի հեղինակին։ Հեղինակը գտնելուց հետո՝ գալիս էր հեղինակավոր ապտակը։
Ամեն աշնան Գոգոն գումարում էր ժողով մորս հետ՝ ձմեռվա տան պաշարը հոգալու համար։ Որքան որ մայրս պնդում էր յուղի, բրնձի կամ մի այլ կենսամթերքի այսինչ չափը քիչ է, Գոգոն պնդում էր իր ասածի չափի վրա։
— Հարկավոր է խնայողություն, խանըմ։
Եվ անպայման անցնում էր Գոգոյի տեսակետը։
Գոգոն ամուսնացած էր, բայց կինը մեր տան մեջ չէր ապրում։ Կինն ապրում էր գյուղում, որովհետև այնտեղ ուներ մի փոքրիկ տնտեսություն։ Տարին մի կամ երկու անգամ նա գալիս էր գյուղից, և նրան տեսնում էին միայն մայրս ու տան փոքրերը, ոչ հորս էր երևում, ոչ էլ մեծ եղբորս — ամոթ էր։ Գոգոյի կինը կարմիր-ճակնդեղի կարմիր երեսով, կլոր, գեր և կարճահասակ մի կին էր, որին տրված հարցումներին կա՛մ գլխի շարժումով էր պատասխանում և կամ միավանկով։ Գոգոն մեր տան մեջ գրեթե հետը չէր խոսում, միայն պաշտոնական հարցեր էր տալիս — գլխավորապես տան և տնտեսության մասին — և ապա լռում։ Ավելորդ խոսակցություն անելը համարվում էր ամոթ։
Օրերից մեկում Գոգոն փրկեց իմ կյանքը կամ առնվազն՝ ինձ հաշմանդամ լինելուց։
Մեր տան դահլիճի առաստաղի վրա կար մի արձանագրություն, որը գրված էր տունը կառուցելու ժամանակ։ Այդ արձանագրությունը հետևյալն էր.
«Որդիքս Հակոբ, Գևորգ, Լևոն
ժառանգորդք են տանս այսորիկ»:
Որովհետև տան կառուցված ժամանակը ես ծնված չէի, ուստի իմ անունս արձանագրության մեջ չկար։ Մի օր ես